Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց. Մարուքյան

Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց. Մարուքյան
Քաղաքականություն
15:07, 19 сентябрь 2023
Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Մարուքյանը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ:

«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ու ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է. ի՞նչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը՝ թակարդում հայտնված և սովամահ լինող մարդկանց վրա։

Բնականաբար, Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց՝ ի լրումն էթնիկ զտումների։ Այս ամենը պետք է դատապարտվի ու դադարեցվի՝ իր բոլոր հետևանքներով»,-գրել է Մարուքյանը՝ կոչ ուղղելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԵԽ նախագահ Շառլ Միշելին և այլ գործիչների: