Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը զենքի ուժով սկսեց ԼՂ բնակչության բռնի տեղահանման օպերացիա. Երևանում էլ այդ օպերացիայից տեղյակ ռուսների տեղական «գործընկերները» հավանաբար ստացել են բաղձալի «կանչը»

Ադրբեջանը զենքի ուժով սկսեց ԼՂ բնակչության բռնի տեղահանման օպերացիա. Երևանում էլ այդ օպերացիայից տեղյակ ռուսների տեղական «գործընկերները» հավանաբար ստացել են բաղձալի «կանչը»
Քաղաքականություն
18:41, 19 сентябрь 2023
Ադրբեջանը այսօր սկսեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդ մասին նախօրոք տեղեկացրել են ռուսական խաղաղապահներին։ Ռուսաստանի Դաշնության ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնեց, որ կապի մեջ են կողմերի հետ և կոչ են անում երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։  

Չնայած նրան, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Արցախում նմանօրինակ իրավիճակ թույլ չտալու համար, միևնույն է՝ իրականությունն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն սկսել է Արցախը զենքով դատարկելու օպերացիա, դեռ մի բան էլ այդ մասին նախօրոք տեղյակ է պահել ռուսներին, որից հետո ռազմավարական դաշնակիցը հորդոր է հղում երկու կողմերին։

Ադրբեջանը հայտարարել է, որ մարդասիրական միջանցքներ է բացել խաղաղ բնակչության համար, որպեսզի վերջիններս կարողանան տարհանվել, նաև, որ իրենց թիրախը ռազմական օբյեկտներն են, քաղաքային ենթակառուցվածքները չեն թիրախավորելու։ Մինչդեռ արդեն Ստեփանակերտում կան ռմբակոծված թաղամասեր և բնակելի շենքեր։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը արցախահայերին սովամահության հասցնելու միջոցով չկարողացավ տեղահանել և անցել է պլան Բ-ին։ Բացի ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելուց, նաև խաղաղ բնակչությանն է թիրախավորում՝ մարդկանց ահաբեկելու նպատակով, որպեսզի Ղարաբաղի հայ բնակչությունը հեռանա, իսկ հումանիտար միջանցքն էլ հենց այդ նպատակով է բաց թողնվել։ Ալիևը չի դիմելու զանգվածային սպանությունների, բայց փորձելու է հասնել հայերի տեղահանմանը՝ զենքի գործադրմամբ։ 

Միաժամանակ Հայաստանում էլ ակտիվացան «ահազանգի, կոչնակի սպասողները»։ Ռուս-ադրբեջանական «կալցո-2» օպերացիայի տեղական գործընկերները կոչ են անում Հայաստանին միջամտել ու ներքաշվել պատերազմի մեջ։ Հիմնավորումն այն է, որ Ղարաբաղում ապրում են 120 հազար հայեր, Հայաստանի քաղաքացիներ, որոնց համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունը։ Պնդումը հերքել հնարավոր չէ, բայց Հայաստանի իշխանությունը առնվազն այդքանով պատասխանատու է նաև Հայաստանում ապրող 3 մլն բնակչության համար, և այս իրավիճակում Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ ներքաշվելը ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն և անպատասխանատվություն։ Եվ ուրեմն ինչի՞ համար է ռուսական 5-րդ շարասյունը այդօրինակ կոչեր հնչեցնում ու փորձում Հայաստանի իշխանություններին ներքաշել պատերազմի մեջ։ Բնականաբար նպատակը մեկն ՝ իշխանություն վերցնել, այնպես, ինչպես դա արեցին Արցախում։ Թվում է, թե չափազանցություն է այս իրավիճակում որևէ հայ մարդու մեղադրել Արցախը շահարկելով, Հայաստանին ռիսկի մեջ ներքաշելով՝ իշխանություն զավթելու մտադրության մեջ, բայց մենք դա տեսել ենք ընդամենը մի քանի օր առաջ, երբ շրջափակված, սովահարության եզրին կանգնած բնակչությամբ Արցախում հեղաշրջում իրականացվեց, որից հետո եկան «փրկիչներն» ու որևէ նոր բան չարեցին, քան Աղդամով հումանիտար բեռ ստանալը, որից մեկ օր հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ահա նույն այս սցենարը փորձ է արվում իրականացնել նաև Հայաստանում. արդեն հեղաշրջման կոչեր են հնչում, ինչպես նաև հավաք են իրականացնում Երևանում՝ Կառավարության շենքի առջև։ «Կանչը» հնչել է։

Վովա Հակոբյան