Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս փուլում այս հարցը ՍԴ-ի կողմից չի կարող քննության առարկա դառնալ»․ Հրայր Թովմասյանը՝ «Զարթոնք» կուսակցության միջնորդության մասին

«Այս փուլում այս հարցը ՍԴ-ի կողմից չի կարող քննության առարկա դառնալ»․ Հրայր Թովմասյանը՝ «Զարթոնք» կուսակցության միջնորդության մասին
Քաղաքականություն
12:11, 09 июль 2021
Այսօր Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները։ 

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատաքննության սկզբում ներկայացրեց միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը լուծելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում Զոհրաբյանը ներկայացրեց այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը ժամանակին որպես փաստաբան ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի շահերը և հետևաբար չի կարող անաչառ լինել։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ Սահմանադրական դատավարությունն ունի իր առանձնահատկությունները և յուրաքանչյուր փուլում ներկայացվող միջնորդությունները այդ փուլից հետո նման միջնորդությունները ՍԴ-ն քննարկման առարկա չի կարող դարձնել։

«Այս փուլում այս հարցը ՍԴ-ի կողմից չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում»,- ասաց Հրայր Թովմասյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշեց, որ բացի դատավարական ընթացակարգից, փաստաբանի և վստահորդի նույնականացումը փաստաբանության բոլոր հնարավոր վարքագծի կանոններով ոսկե կանոններից մեկն է, այսինքն՝ չի կարելի նույնականացնել փաստաբանին և իր վստահորդին։ Հետևաբար, եթե ՍԴ դատավորներից որևէ մեկը որևէ իրավական գործի շրջանակներում ներկայացրել է որևէ անձի, ըստ Բադասյանի, չի կարող վկայել վերջինիս կանխակալ 
վերաբերմունքի մասին։