Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի ժամանակ Մարտի 1-ի գործին առնչվող բազմաթիվ մարդիկ հայտնվել են Արցախում․ Սեդա Սաֆարյան. a1plus.am

Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, թե Մարտի 1-ի գործին առնչվող բազմաթիվ մարդիկ պատերազմի օրերին հայտնվել են Արցախում, զինվորականների մեջ՝ չհստակեցնելով, թե խոսքը ում է վերաբերում։ Եվ չի բացառում, որ նաև նրանց գործողությունների արդյունքում է սպայական կազմը գործել իրավիճակին ոչ համարժեք։ Ս․Սաֆարյանն ասում է, եթե Արցախյան պատերազմի 6-7-րդ օրերին զանգում և ասում են, թե այստեղի գեներալներն արդեն հողերը տվել են, չի կարծում, որ այդ մարդիկ կաշկանդված չեն և կարող են անձնականը հանրայինից վեր դասել. գրում է a1plus.am-ը:

Ավելին, նա գտնում է, որ այդ մարդիկ Արցախում ունեցել են գրեթե նույն համախմբվածությունը, ինչը ունեցել են 11 տարի առաջ՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։

«Կարծում եմ նույն համախմբումը Արցախում է եղել, որ այս վիճակն ենք ունեցել»,- ասում է փաստաբանը։

Ս․Սաֆարյանն անդրադարձել է նաև հայաստանյան բանկերին առնչվող քրեական գործերին, որոնք, փաստաբանի ներկայացմամբ՝ «բացահայտորեն գնահատականի չեն արժանանում»։

«Գիտենք, որ այդ բանկերը պատկանում են այդ հզոր նախագահներին ու նրանց համախոհներին։ Բանկին կարող ես մեղադրել ամենախայտառակ հանցագործության մեջ, կոռուպցիոն դրվագները վեր հանել, անգամ պետությանը միլիարդներով հասցրած վնասը կարող ես տեսնել, բայց, քանի որ գրավադրված է ուրիշի գույք, դրանով էլ իրենց խնդիրները լուծում են»,- ասում է նա։

Փաստաբանը ներկայացրեց մի դրվագ, որի համաձայն, մարդը «Արարատ» բանկում գրավ է դրել Կոշում գտնվող իր 11 մլն դրամ արժեցող տունը և վերցրել 3,5 մլն դրամ վարկ։ Վճարել է վարկի 1,5 մլն դրամը և չի կարողացել շարունակել։ Բանկը վերցրել է տունը՝ գինը նվազեցնելով 3 մլն դրամի, բայց այդ մարդը դեռ 11 մլն դրամ էլ մնացել է պարտք։

«Դուք այսպիսի բան պատկերացնո՞ւմ եք։ Տույժերի ու տուգանքների ինչ հաշվարկ է գործել, որ մարդուն հասցնեն այսպիսի ծայրահեղ վիճակի»,- ասում է Ս․Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ «Արարատ» բանկի սեփականատերը «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է, ով սերտ հարաբերություններ ունի նախկին իշխանությունների հետ։