Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայումը կազմակերպության շրջանակում հաստատում է պահանջում․ Լավրով

ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայումը կազմակերպության շրջանակում հաստատում է պահանջում․ Լավրով
Քաղաքականություն
17:18, 12 июль 2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ այլ ռազմական օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, պահանջում է կազմակերպության շրջանակում հաստատում, սակայն ոչ ոք նման դիմում չի ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն Կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակում։ Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել՝ համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է նա:

Բացի այդ, ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ սա նաև որոշակիորեն հակասում է պրագմատիկ նկատառումներին:

«Պենտագոնի ղեկավարությունը հայտարարում է, որ կցանկանային իրենց ռեսուրսները Աֆղանստանի շուրջ տեղակայելու հնարավորություն ունենալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հարվածներ հասցնեն աֆղանական տարածքին: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի շահերից է բխում՝ իրեն նման քաղաքականության և ԱՄՆ-ի մտադրության զոհ դարձնել՝ իր վրա պատասխան հարված հարուցելով»,- հավելել է Սերգեյ Լավրովը։