Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են 3 համաձայնագիր

Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են 3 համաձայնագիր
Քաղաքականություն
15:28, 26 сентябрь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում  Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Ստորագրվել է 3 համաձայնագիր, որից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։

Այցի շրջանակներում Նախիջևանում է գտնվում նաև Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկը, որն Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ ստորագրել է «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգում բնակելի շենքերի, մանկապարտեզների, հիմնական դպրոցների և մշակութային կենտրոնի կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փողոցների վերակառուցման համար 100 մլն դոլար օգնություն էր տրամադրել Թուրքիային և նշել․ «Թուրքիայի շինարարությունը մեր շինարարությունն է»։

Համաձայնագիր է ստորագրվել նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարի և Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փերզվիզ Շահբազովի միջև, ըստ որի երկու երկրների միջև կշարունակվի առկա համագործակցությանը։

Աղբյուր`ermenihaber.am