Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է քննարկվելու ԱԺ վաղվա արտահերթ նիստում․ մանրամասներ

Ինչ է քննարկվելու ԱԺ վաղվա արտահերթ նիստում․ մանրամասներ
Քաղաքականություն
17:02, 14 июль 2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում ընդգրկված է չորս հարց, առաջինը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն է, որի հեղինակը Կառավարությունն է։

Համաձայն նախագծի հիմնավորման,  սույն օրենքի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ 

«Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը, սկսած 2018 թվականի ապրիլից, գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Վերը նշված գնային արտաքին պահանջարկը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար, ինչը կարող է ամուր նախադրյալներ ստեղծել ոլորտի հետագա արդիիականացման և միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական և լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու համար»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծով մասնավորապես նպատակ է դրվում կարգավորել հետևյալը` երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձր շահույթից ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը: 

«Մասնավորապես, նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը:
Խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցենլով վնասակար արտանետումները»,-նշված է հիմնավորման մեջ:

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն է, որի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնց հեղինակը  Կառավարությունն է։