Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավինյանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

Ավինյանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին
Քաղաքականություն
20:05, 14 июль 2021
Լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ասել է․ «Առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցությունները վերսկսված չեն, կարծում եմ՝ այլ լուծումների, այլ մոտեցումների մասին դժվար կլինի խոսել»։

Նա նշել է, որ ՀՀ-ն կարևորում է բանակցային գործընթացը, կարևորում է այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայցևայնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում, և առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է։

Դիտարկմանը, թե խաղաղության համաձայնագիր կնքելու պահանջ է ներկայացնում Ադրբեջանը, Ավինյանն արձագանքեց․ «Մենք այդ ուղղությամբ որևէ բանակցություն չունենք»։

Ինչ վերաբերում է գերիների նոր խմբի հնարավոր վերադարձին, Ավինյանն ասաց, թե հակված չէ նախօրոք ինֆորմացիա տրամադրել, քանի որ դա կարող է վնասել գործընթացին։

Փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատմանն ու ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակմանը՝ ասելով․ «ԱԳՆ-ում քաղաքական նշանակման և դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև որոշակի կապ ստեղծելու, որոշ ծավալով եղած տարաձայնությունները վերացնելու կարիք կա, և կարծում եմ՝ սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է»։

Ինչ վերաբերում է հարցին՝ իրեն տեսնու՞մ է գործադիրում, քանզի մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պատրաստվում է հեռանալ պետական կառավարման համակարգից, փոխվարչապետն ասաց, որ Կառավարության ձևավորման ժամանակ անպայմանորեն դրա հետ կապված բոլոր հարցերին կանդրադառնա։