Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է՝ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է՝ եռակողմ աշխատանքային խմբի  գործունեությունը խաթարելու և  տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:01, 15 июль 2021
Այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ։

Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման  դարաշրջան բացելու մանդատ, որը ստացել է ՀՀ քաղաքացիներից։

«Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը,  ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է՝  խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու  համար, և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահամանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Եվ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն  կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու,  ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին  օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով  գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն  աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, և որ առավել կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ  հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ 

«Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է՝ եռակողմ աշխատանքային խմբի  գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ երեսնամյա գործընթացը, քաղաքականությունը։ Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ-ի ապաշրջափակմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահամանազատման և սահմանագծման աշխատանքներին, բայց  իրականությունն ուղիղ հակառակն է,  այդ Ադրբեջանն է դեմ սահամանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել  իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածների մի շարք տեղանքներում։ 

«Ինչպես միաջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը, հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ․տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա  ռուս սահմանապահների և կամ միջազգային դիտորդների  տեղակայում և միջազգային հովանու ներքո  սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութն՝ այստեղ