Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը․ Լավրով
Քաղաքականություն
21:53, 02 октябрь 2023
ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը․ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում 
 
«Եթե Հայաստանի որոշ ղեկավարներ հայտարարում են, որ հիասթափված են Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ու փնտրելու են նոր գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Բայց ես հուսով եմ, որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է Լավրովը։
 
Խոսելով ԼՂ-ում իրավիճակից Լավրովն ասել է, որ Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։
 
«Մեր խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են այս իրավիճակում: Մենք չենք կարող զսպել այն մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից մեկնել Ռուսաստան: Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ, որպեսզի կայունացնենք իրավիճակը Ղարաբաղում», - ասել է Լավրովը։

Ռուսական լրատվամիջոցը ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը, նշել է, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի հետ բանակցություններում, ապա 2023 թվականի մայիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
 
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Ղարաբաղում, որի նպատակներից մեկը չճանաչված Ղարաբաղի բոլոր մարմինների լուծարումն էր։ Երևանն այս գործողությունները որակեց որպես ագրեսիա՝ ասելով, որ Ղարաբաղում հայկական ստորաբաժանումներ չկան։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի մասին, զինադադարի պայմաններից, մասնավորապես, նախանշվեց հայկական կազմավորումների զինաթափումը։ Այնուհետև Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև տեղի  ունեցան բանակցությունների մի քանի փուլ , ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- մասնավորապես ասված է  ռուսական ԶԼՄ-ի տարածած հաղորդագրությունում։