Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը ներկայացրել է Պուտին-Ալիև բանակցությունների օրակարգը

Կրեմլը ներկայացրել է Պուտին-Ալիև բանակցությունների օրակարգը
Քաղաքականություն
18:31, 19 июль 2021
Վաղը՝ հուլիսի 20-ին Մոսկվայում նախանշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առևտրաներդրումային ու հումանիտար համագործակցության շեշտադրմամբ։

«Նաև նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման, տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման խնդիրների լուծման հետ կապված»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ նախապատրաստվում է Ալիևի այցը Մոսկվա։ Նա նաև նշել էր, որ այցի ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։