«Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմամբ, որի նկրտումներն են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դուք գիտեք, որ Ֆրանսիայի նախագահը շատ հստակ է եղել, Ֆրանսիան շատ զգոն կլինի իր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- այս մասին այսօր ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
Նա նշեց, որ այդ մասին խոսել են ՀՀ վարչապետի հետ և ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինայնի և նախագահ Ալիևի հետ և դրա արդյունքը, կարելի է ասել, հիմք է ծառայել իրենց հետագա ջանքերի համար։
«Մենք խոսեցինք նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին։ Կցանկանայի հանրայնորեն ասել, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել, կարծում եմ հասկանալի է, որ այժմ չեմ կարող առավել մանրամասնել այս հարցը»,- ասաց Կատրին Կոլոննան։
Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի համար Հայաստանի հետ ռազմական համագործակցության հարցում կարևոր է, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի հետ ռազմական համագործակցությունը, նախարարն, ըստ էության, ասաց, որ ավելին չի կարող ասել, քան ասել է։ Իսկ Արարատ Միրզոյանը հավելեց, որ իրենց գործընկերները ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ իրենց առջև չեն դրել։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև նշեց, որ գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու հարցով, որ այն կարողանա է՛լ ավելի օգտակար լինել Հայաստանին:
«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչպես, օրինակ, իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասաց նա:
Ապա վերդառնալով ԼՂ-ից տեղահանված հայերի հարցին, նախարարը նախ նշեց, որ նրանք իրենց կամքով չեն լքել իրենց հողը, այլ բռնի են տեղահանվել, ապա ասաց, որ պայմաններ են ստեղծում՝ ԼՂ բնակիչների համար բանաձև ընդունելու, որը հնարավորություն կընձեռի Լեռնային Ղարաբաղի հայերին վերադառնալ իրենց տներ՝ անվտանգ պայմաններում։