Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն ընդունեց պարտությունը, սակայն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը ընդդիմադիր ուժեր համարվել չեն կարող

Քոչարյանն ընդունեց պարտությունը, սակայն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը ընդդիմադիր ուժեր համարվել չեն կարող
Քաղաքականություն
18:59, 20 июль 2021
Երեկ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Քոչարյանը համարում է, որ թեև ինքը ժամանակին եղել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել է գործադիր իշխանության մարդ։ Հետևաբար ճիշտ է համարում իր տեղը զիջել թիմակիցներին։ 

«Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին»,-երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ կանխատեսելի էր, որ Քոչարյանը չէր գնալու խորհրդարան, քանի որ նա ի վերջո եղել է Արցախի ու Հայաստանի նախագահ, բայց անկախ Քոչարյանի խորհրդարան գնալ-չգնալուց և՛ «Հայաստան» դաշինքը, և՛ «Պատիվ ունեմը» ընդդիմադիր ուժեր համարվել  չեն կարող. «Ըստ էության, մենք ունենք մի պարադոքսալ վիճակ, երբ որ նոր խորհրդարանում չունենք ընդդիմություն։ Խոսքը հայաստանակենտրոն, Հայաստանի  քաղաքականությանը վերաբերող ընդդիմության մասին է։ Այդպիսի ուժ փաստացի այսօր չկա խորհրդարանում։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ընդդիմության դերը պետք է ստանձնեն արտախորհրդարանական ուժերը։ Կրկնում եմ՝ այս երկու ուժերին, այս տեսքով խորհրդարանական ընդդիմություն համարել հնարավոր չէ»,-ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ Քոչարյանի կողմից ԱԺ չգնալուց հետո վերջինս կկարողանա՞ վերահսկողություն ապահովել խորհրդարանական խմբակցության վրա, Քոչինյանը պատասխանեց. «Քանի որ այն ուժը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, իր էությամբ քաղաքական չէ, և այնտեղ կան միայն խնամիական, քավոր սանիկական, վախի վրա հիմնված կապեր, շահի վրա հիմնված կապեր, հետևաբար Քոչարյանի խորհրդարանում լինել-չլինելը, որը քաղաքական ֆենոմեն է, այս հարաբերությունների մեջ էական չէ, քանի որ այս հարաբերությունները քաղաքական չեն։ Դրանով իսկ, այո, Քոչարյանը կկարողանա վերահսկողություն ապահովել իր դաշինքի վրա նույն պատճառով՝ դաշինքը  քաղաքական չէ և չի գտնվում քաղաքական տրամաբանության մեջ»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով էլ՝ Քոչարյանը հաշվարկել էր, որ ինքը պետք է առանց մանդատի, հեռվից  կառավարեր իր բազմատար խմբակցությունը, որը հնարավոր կլինի այն պատճառով, որ ինքը ազդեցություն ունի բոլոր այդ սեգմենտների վրա, բայց ինքը նաև հաշվարկել էր, որ պետք է մեծամասնություն վերցնեն, ինքը ղեկավարի գործադիր մարմինը և պահի ազդեցությունը օրենսդիրի վրա։
Բայց նա շատ մեծ հաշվով սխալվեց իր հաշվարկներում։ Ստացվեց, որ իր մասնակցությամբ լեգիտիմացրեց  ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում և ինքը չստացավ գրեթե ոչինչ .«Այո, նա ձգտում էր բացարձակ իշխանության։ Նա չստացավ այդ  բացարձակ իշխանությունը և այդ իմաստով նա որևէ հետաքրքրություն չունի փոքրամասնության մեջ գա ու նստի խորհրդարանում։ Հենց դրա մասին էր ինքը բաց տեքստով խոսում իր հայտարարության մեջ»,-ասաց Մեհրաբյանը ՝ հավելելով.«Բայց անկախ այդ հանգամանքից, այո, Քոչարյանն էլ ձևավորելու իր ղեկավարած դաշինքի խմբակցության օրակարգը։ Ինչպես ինքը որոշի, այնպես էլ կլինի։ Իսկ այդ որոշողը առանձնապես ձգտում չունի իրենցից ռեալ, կոնստրուկտիվ, խորհրդարանական ուժ ձևավորելու։ Իրենք պետք է փորձեն մանր-մունր խափանարար գործունեություն ծավալել խորհրդարանում, որպեսզի տեսանելի հիմքեր ստեղծեն իրենց ավելի մասշտաբային խափանարար գործողությունների համար»։

Ըստ քաղաքագետի՝ այն ուժերը, որոնք այսօր խորհրդարանում են հայտնվել ընդդիմության կարգավիճակով, սպառնալիք են մեր անվտանգությանը։ Նրանցից որևէ կոնստրուկտիվ քայլ սպասել պետք չէ։

Արփի Հարությունյան