Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջանցքի» հարցում Ալիեւը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ․ քաղաքագետ

«Միջանցքի» հարցում Ալիեւը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ․ քաղաքագետ
Քաղաքականություն
12:07, 21 июль 2021
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պուտին-Ալիեւ հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը բարդ է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջեւանի ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաեւ հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով:

Ալիեւն այդպիսով ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար: Դրա մասին գրեցի նախօրեին 1in-ում: Եթե տեղի է ունենում գործնական ապաշրջափակում, ապա դրանով էապես նվազում է «միջանցքի» օրակարգն առաջ տանելու հնարավորությունը: Բանն այն է, որ Ալիեւը ներքին նկատառումներից ելնելով «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում չի կապել կարգավիճակի կամ Լաչինի հարցին,  թեեւ խորքային առումով իհարկե դիտարկում է այդ հարցերի համատեքստում: 

Նա «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում կապել է ապաշրջափակման հետ: Ըստ այդմ, եթե տեղի հաղորդուղիների բացումը մտնի գործնական փուլ առանց «միջանցքի» պայմանը բավարարելու, ապա Ալիեւը զգալիորեն կորցնում է այդ հարցը հետագայում բարձրաձայնելու հողը:

Ըստ այդմ, նրան պետք է ձգել ժամանակ եւ դրա համար էլ խոսում է, որ ամեն ինչ պետք է բացվի միանգամից: Իսկ էստեղ հարցն այն է, որ հարավային ուղղությամբ պետք է կառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի՝ «միջանցքից» անկախ: Դրա համար կպահանջվի գոնե մոտ երկու տարի: «Միջանցքի» հարցում Ալիեւը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի էդ ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ, որի ընթացքում գուցե ակնկալում է լուծել այդ օրակարգին աջակցության հարցը որեւէ կերպ»: