Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, փոխզիջումների կողմնակից էր, բայց Փաշինյանին է համարում հող հանձնող

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր «Հայրենիքի փրկության շարժման»՝ իրենց համակիրների հետ «Ազատության» հրապարակում հանդիպման ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։

Civic.am-ի հարցին, թե, եթե ՀՀԿ-ն փոխզիջումների կողմնակից էր, ապա ինչու 2018 թվականին չաջակցեց նոր կառավարությանը այդ հարցում, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2016-ին՝ հայտարարելով, որ բոլոր տարաձայնությունները դնելու է մի կողմ և աջակցի Սերժ Սարգսյանին՝ փոխզիջումների գնալու հարցում, փոխարենը ՀՀԿ-ն սկսեց լուրեր շրջանառել, թե Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու։

Շարմազանովը նախ հայտարարեց, թե իրենք փոխզիջումների կողմնակից են, ապա ասաց, որ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ, հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից, իրենց համար արդեն պարզ էր, որ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու նպատակով։

«Նիկոլ Փաշինյանը երեք տարվա մեջ որևէ անգամ ասե՞լ է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հարցրեց Շարմազանովը։ Մեր հիշեցմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ, Շարմազանովն ասաց՝ «պատերազմի առիթ է տվել, դրա համար էլ համանախագահները ճտտացրեցին դեմքին»։

 Մեր նկատառմանը, թե դա, ըստ էության, նույն հայտարարությունն է, Շարմազանովն ասաց, որ նույնը չի։ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ըստ Շարմազանովի, միջազգային հանրությունը աջակցել է Հայաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ ապտակել։
 
Մանրամասն տեսանյությում։
 
Վովա Հակոբյան