Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ողջունելի է, որ ՍԴ-ն հավասարության նշան դրեց ուժերի քաղաքական ելույթների միջև․ կարծես, կադրից դուրս էին մնացել Բաղրամյան փողոցում մահապատժի բեմադրումները, ամենալկտի ձևով հայհոյախոսությունները»․ փաստաբան

«Ողջունելի է, որ ՍԴ-ն հավասարության նշան դրեց ուժերի քաղաքական ելույթների միջև․ կարծես, կադրից դուրս էին մնացել Բաղրամյան փողոցում մահապատժի բեմադրումները, ամենալկտի ձևով հայհոյախոսությունները»․ փաստաբան
Քաղաքականություն
19:28, 21 июль 2021
ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։

«Սահմանադրական դատարանի որոշումը գնահատում եմ շատ դրական և իրավունքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով բարձր դատարանի կողմից այսօր հրապարակված ընտրությունների արդյունքների վիճարկման ամբողջական որոշմանը։

Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի կողմից անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր իրավաբանական տեստերի, գնահատական է տրվել տարբեր գործընթացների, պատասխաններ է տրվել դիմումներում բարձրացված բոլոր հարցերին. «Ըստ էության ՍԴ-ն կայացրել է որոշում, որում հստակեցրել է նման կարգի գործեր քննելիս իր լիազորությունը և պատասխան է տվել բարձրացված գրեթե բոլոր հարցերին։ Անդրադարձ է կատարվել այնպիսի կարևորագույն, հայեցակարգային հարցերի, որոնք կարող են ուղենիշային լինել հետագայում նման որոշում կայացնելու համար»,- ընդգծեց Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքով բարձր դատարանն առավել քան լուրջ վերլուծություն է կատարել և վերջնականապես պատասխանել է վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնակատար մնալու հարցով, գտել է, որ պաշտոնի շարունակականությունն անհրաժեշտ է իրավական անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ի վերջո, Վարդանյանի դիտարկմամբ, Սահմանադրական դատարանը շատ հստակ անդրադարձել է, որ ընտրությունների ժամանակ դրվագային դեպքերը, որոնք պատշաճ եղանակով չեն փաստաթղթավորվել, պատշաճ եղանակով ապացույցները Սահմանադրական դատարանին չեն ներկայացվել, դրանք չեն կարող որևէ եղանակով ազդել ընտրությունների արդյունքների վրա և չեն կարող հիմք հանդիսանալ այլ որոշում կայացնելու վրա։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս ծանոթացել է Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը։ Նրա խոսքով՝ դժվար է մեկ գնահատական տալ ամբողջական որոշմանը, քանի որ որոշումը բավականին ծավալուն է։ Փաստաբանը ևս առանձնացրեց հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման հարցը, բայց այս մասով Սահմանադրական դատարանի վերլուծությունը համարում է ոչ շատ խորը. «Այդ վեճի մեջ, կարծես թե, դիմող կողմի փաստարկներն ինձ համար՝ որպես իրավաբանի, ավելի հիմնավոր էին։ Բայց ՍԴ որոշման դրական մասը համարում եմ այն, որ ՍԴ-ն անդրադարձ է կատարել գործող քաղաքական կուսակցությունների հռետորաբանությանը, որը մեծավմասամբ եղել է  բռնության քարոզ։ Այստեղ շատ ողջունելի է, որ Սահմանադրական դատարան այդուհանդերձ հավասարության նշան դրեց բոլոր ուժերի քաղաքական ելույթների միջև։ Սա շատ կարևոր էր, որովհետև, կարծես, կադրից դուրս էր մնացել Բաղրամյան փողոցում հայտնի քաղաքական ուժերի կողմից մահապատժի տեսարաններով բեմադրումները, ամենալկտի ձևով հայհոյախոսությունները։ Եթե դիմող կողմից  բարձրաձայնվում էր այդ բռնության կոչերը, ապա իրենց կոչերը  ևս պետք է ուշադրության արժանանային։  Այս առումով ողջյունելի է, որ ՍԴ-ն հավասարության նշան դրեց ինչպես այդ ուժի, այնպես էլ դիմումատուների վրա՝ ընդգծելով, որ մեզ մոտ քաղաքական դեբատները բավական ցածր մակարդակի են։ Հույս ունեմ, որ հետևություն կանեն ու աստիճանաբար կբարձրացնեն քաղաքական հռետորաբանության մակարդակը»,- ասաց Գյոզալյանը։

Փաստաբանն առհասարակ դրական է համարում ամբողջ դատավարական պրոցեսը, որ կողմերը  կարողացան լիարժեք օգտվել իրենց  իրավունքներից և լիարժեքորեն իրենց փաստարկները բերել հրապարակ։

«Եվ, ի վերջո, լավագույն ցուցիչն այն է, որ բոլոր ուժերը հայտարարեցին, որ գնում են մանդատները վերցնելու։ Եթե այդ անարդարության խորը զգացումը լիներ, ապա ակնհայտորեն նրանք կընտրեին դուրսը՝ փողոցում պայքարել տարբերակը։ Հիմա այդ անարդարության խորը զգացումը չկա և թե իշխանությունը, թե ընդդիմությունը հաշտ ու համերաշխ, կամ առնվազն լռակյաց վերցնում են մանդատները ու գնում են ԱԺ։ Կրկնում եմ՝ սա  լավագույն ցուցիչն է, որ պրոցեսը եղել է արդար»,- եզրափակեց Գյոզալյանը։

Արփի Հարությունյան