Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը կկայանա 2021 թվականի օգոստոսի 2-ին»․ ԿԸՀ

«ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը կկայանա 2021 թվականի օգոստոսի 2-ին»․ ԿԸՀ
Քաղաքականություն
17:00, 22 июль 2021
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում քվեարկության դրեց հունիսի 20-ին արտահերթ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած և մանդատից հրաժարված պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, որը 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց։

Հաջորդ օրակարգային հարցը ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու հարցն էր։ 2021 թվականի հունիսին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորներ են գրանցվում և մանդատներ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ համաձայն Ընտրական օրենսգրքի և ԱԺ կանոնակարգ օրենքի, արտահերթ ընտրությունների դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, առավոտյանը ժամը 10:00-ին։ Ըստ այդմ նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը կկայանա 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին։

ԿԸՀ-ն հայտարարեց նաև 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների օրը։ Կապված արտահերթ խորհրդարանական ընտրություններով, առաջարկվեց կատարել փոփոխություններ ՏԻՄ ընտրությունների արդեն իսկ նշանակված՝ սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի քվերակության օրերում։ Առաջարկվող փոփոխություններով սեպտեմբերի 26-ի ընտրությունները տեղափոխվեցին հոկտեմբերի 17-ին, իսկ հոկտեմբերի 17-ի ընտրությունները՝  նոյեմբերի 14-ին։ Դրանով ԿԸՀ-ն հնարավորություն տվեց ԱԺ մտած նոր ուժերին լիարժեք կերպով օգտվել իրենց իրավունքից և պարտականությունից՝ նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, որոնք պետք է անցնեն լիցենզավորման դասընթացներ։