Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նոր փաստաթղթի մասին խոսող Քոչարյանի հղման աղբյուրն Ալիևն է, ապա դա շատ վատ է․ նա պետք է հասկանա իր քաղաքական պատասխանատվության աստիճանը

Եթե նոր փաստաթղթի մասին խոսող Քոչարյանի հղման աղբյուրն Ալիևն է, ապա դա շատ վատ է․ նա պետք է հասկանա իր քաղաքական պատասխանատվության աստիճանը
Քաղաքականություն
19:20, 22 июль 2021
«Քոչարյանի դիտարկումներն ավելի շատ նման են էժանագին բամբասանքի, քան վերլուծության։ Իր ասածները էժանագին դրսևորումներ են, որոնք հարիր չեն մարդուն, որը փորձում է իրեն քաղաքական գործիչ պատկերացնել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՔՊ ցուցակով ընտրված պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած որոշ դիտարկումների։  

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան երեք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտարարել է, որ Երասխի դեպքերը շարունակությունն են այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛  պատերազմի ընթացքում, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։ «Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, որ արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, ցանկություն էլ չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով։ Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և նա մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա: «Հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու է ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք»,- ասել է Քոչարյանը։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ Քոչարյանն ինքն է ուզում Հայաստանը նման վիճակում տեսնել և հերթական անգամ իր մոլորությունն է հայտնում։   

«Եթե մեկը, ով 10 տարի երկրի ղեկավար է եղել և հետո հայտ է ներկայացրել ևս որոշակի ժամկետով ղեկավարելու, խոսում է ազգային անվտանգությանը սպառնացող հեռանկարից և դա անում է մերկապարանոց, առանց ապացույցների և լուրջ գործողություններ ձեռնարկելու, ապա, ներեցեք, գործ ունենք ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական ցածր պատասխանատվության վարքագծի հետ»,- իր հերթին մեզ հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցում հնչեցված վեր նշված դիտարկումներին՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ ակնհայտորեն Քոչարյանի սեփական փորձն ազդել է նման վարքագիծ ցուցաբերելու վրա, որովհետև ինքն է ժամանակին ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքում Հայաստանի անունից համաձայնություններ տվել անխտիր բոլոր առաջարկվող տարբերակներին, և չկա որևէ տարբերակ, որը ինքը մերժած լինի։ 

«Վարկածներից մեկը դա է։ Քանի որ ինքը ժամանակին այդպես է վարվել, կարծում է, որ  այդպես կվարվի նաև ներկայիս իշխանությունը։ Մանավանդ՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ցանկանում է «խաղաղության» պայմանագիր կնքել, որով Հայաստանին կհրաժարեցնի Արցախի խնդրից։ Դրա մասին բացահայտ հայտարարվել է։ Հիմա, եթե Քոչարյանի հղման աղբյուրը Ալիևն է, ապա դա շատ վատ է։ Դա նշանակում է, որ Քոչարյանը չափազանց վստահում է Ալիևին, իսկ թե ինչու՝ ինքը պետք է ասի։ Իսկ եթե Քոչարյանն այլ աղբյուրներ ունի, ըստ որոնց՝ նոր փաստաթուղթ է նախապատրաստվում, ապա պարտավոր է այն հրապարակել և կանխել այդ աղետը, որի մասին ինքը ահազանգում է։ Քոչարյանը պետք է հասկանա իր քաղաքական պատասխանատվության աստիճանը նման հայտարարություններ անելիս»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Քոչարյանը խոսում է հերթական պլանավորված պատերազմի մասին։ Հետևաբար պետք է նախ ապացույցներ ներկայացնի նախկին պատերազմի պլանավորված լինելու մասին, ապա նաև ապացույցներ ներկայացնի հերթական պլանավորվող պատերազմի մասին։ 

«Այն, ինչ Ալիևը ուզում է, մենք դա անգիր գիտենք։ Իսկ եթե Քոչարյանն այլ խողովակներով է տեղյակ պատրաստվող փաստաթղթից, ապա ինքը պարտավոր է հանուն ազգային անվտանգության հրապարակայնացնել, և մենք էլ, ըստ այդմ, մեր քայլերը նախաձեռնենք՝ որպես  հասարակություն կանխելու համար հերթական աղետը»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի դիտարկումներին, թե Հայաստանն անատամ է դարձել, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունի այլևս, ապա Սաֆարյանն ասաց, որ դա Քոչարյանի ընկալումն է։ Իրականում, եթե Հայաստանն անատամ լիներ, ապա ավելի շատ բան կորցրած կլիներ։ «Հայաստանի զավակը պաշտպանել է Հայաստանն այնքանով, որքանով Ռոբերտ Քոչարյանն ու  նրա ընտրյալ Սերժ Սարգսյանն այդպիսի հնարավորություններ թողել են։ Այս առումով, եթե անգամ Քոչարյանն ընդունում է, որ Հայաստանն անատամ է, ապա Հայաստանին անատամ դարձրել է ոչ թե պատերազմը, որտեղ մենք աղետալի կորուստներ ունեցանք, այլ նախկին իշխանությունները, որոնք այսպիսի հատվածական դիրքեր են թողել Ադրբեջանի հետ համեմատած»,- եզրափակեց Սաֆարյանը։ 

Արփի Հարությունյան