Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ օրենքները չստորագրելու ՀՀ նախագահի որոշման մասին

Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ օրենքները չստորագրելու ՀՀ նախագահի որոշման մասին
Քաղաքականություն / Հայաստան
21:03, 24 февраль 2021
Արդարադատության նախարարության համար կանխատեսելի էր այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի և Սահմանադրական դատարան կուղարկի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվելու»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել էր Սահմանադրական դատարան՝  օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: