Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է սպասվում նոր ԱԺ-ի օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում․ ինչպես է ձևավորվելու նոր խորհրդարանն ու կառավարությունը

Ինչ է սպասվում նոր ԱԺ-ի օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում․ ինչպես է ձևավորվելու նոր խորհրդարանն ու կառավարությունը
Քաղաքականություն
12:28, 23 июль 2021
Օգոստոսի 2-ին կձևավորվի նոր խորհրդարան, այնուհետև՝ նոր կառավարություն։ Վարչապետի ընտրություն խորհրդարանում չի լինի, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ՝ վարչապետ նշանակվում է ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն։ Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որը միանգամից նախագահի հրամանագրով կնշանակվի ՀՀ վարչապետ։ 

Civic.am-ն իր ընթերցողին է ներկայացնում ԱԺ առաջին նիստի օրակարգը։ Նշենք, որ նոր խորհրդարանի ձևավորումը կսկսվի պատգամավորների երդման արարողությամբ, որից հետո կձևավորվի հաշվիչ հանձնախումբը։ Հաշվիչ հանձնախմբի ձևավորումից հետո կընտրվի Ազգային ժողովի նախագահ, որից հետո կանցկացվի ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությունը։ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պարտադիր պետք է լինի ընդդիմադիր դաշտից։  

Ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է ԱԺ նախագահի և փոխնախագահների իր թեկնածուների անունները։ Ըստ այդմ՝ ԱԺ նախագահ կդառնա Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Ընդդիմության թեկնածուն հայտնի չէ։

8-րդ գումարման խորհրդարանը կունենա 107 պատգամավոր․ 71-ը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ից, 29-ը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից և 7-ը «Պատիվ ունեմ» դաշինքից։ 

ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությունից հետո կստեղծվեն ԱԺ մշտական հանձնաժողովները, որի ժամանակ էլ կորոշվի, թե քանի հանձնաժողով պետք է ձևավորվի։ Այս ընթացքում կընտրվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։ Մշտական հանձնաժողովները կարող են լինել մինչև 12-ը։ Կախված մշտական հանձնաժողովների թվից՝ կորոշվի, թե հանձնաժողովների նախագահներից քանիսը կընտրվեն ընդդիմադիր դաշտից։

Խորհրդարանն ամբողջությամբ ձևավորվելուց հետո կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը կդրվի քննարկման։

Պատգամավորները կքննարկեն կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Նոր կառավարության ծրագրի ընդունումից հետո 
ՀՀ վարչապետը ելույթ կունենա օրակարգի վերջին հարցի ժամանակ։ 

Նիստը կսկսվի օգոստոսի 2-ին և կտևի մոտ 5-6 օր։ 

ԱԺ նիստը կվարի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։