Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն չի կատարում դաշնակցային պարտավորությունը․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մարշալ Շապոշնիկովը հայտարարեց՝ եթե Թուրքիան միջամտի, Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, իսկ հիմա լռում է․ Հմայակ Հովհաննիսյան

ՌԴ-ն չի կատարում դաշնակցային պարտավորությունը․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մարշալ Շապոշնիկովը հայտարարեց՝ եթե Թուրքիան միջամտի, Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, իսկ հիմա լռում է․ Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքականություն
17:55, 23 июль 2021
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ցանկացած լարվածություն։ Նա, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանի հատմանը ու Հայաստանի տարածք ներխուժմանը, ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել քարտեզագրական տեղեկատվության միջոցով: «Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք հաղորդել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ ուժային ճնշման լեզվով խոսել. «Ադրբեջանը ներխուժել է մեր տարածք երկու ուղղություններով, օրերս էլ փորձ արվեց ներխուժել Նախիջևանի՝ Երասխի կողմից։ Մինչդեռ Ռուսաստանը դնում է սահմանազատման և սահմանագծման հարցը։ Չի կարելի սայլը դնել ձիուց առաջ, նախ իրենք պետք է դուրս գան մեր տարածքից՝ այն տարածքից, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Հայաստանի տարածք, և մինչ այս երբեք չի վիճարկվել, որ դա Հայաստանի տարածքն է»։  

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ռուսաստանը, լինելով մեր դաշնակիցը, հստակ չի պահանջում Ադրբեջանից վերադառնալ այն դիրքերին, որոնք զբաղեցնում էր մինչև մայիսի 12-ը. «Ռուսաստանի նկատմամբ այսօր մեր հասարակության մեջ կա անվստահություն»։ 

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը GPS-ով առաջխաղացում ունեցավ Սյունիքի հատվածում, որի հետևանքով Շուռնուխից 11 տուն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ, Որոտանից՝ 10 տուն, Ներքին Խնձորեսկից՝ մոտ 15 հեկտար տարածք։  

Հմայակ Հովհաննիսյանը հիշատակեց, որ Հայաստանը երբ հռչակեց իր անկախությունը՝ հիմք էր վերցրել այն թեզը, որ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է լինելու, իսկ Ադրբեջանն իրեն հռչակել էր Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը. «Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը չէր, այլ ամբողջական Ղարաբաղն էր և երբեք Մուսավաթական Ադրբեջանի  մաս չի կազմել։ Իսկ հիմա Ադրբեջանից՝ Իլհամ Ալիևի մակարդակով, հնչում են սարսափելի հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի ներկայիս տարածքը՝ Երևանով հանդերձ, ամբողջությամբ իրենց է պատկանում։ Սա արվում է մեկ նպատակով, որպեսզի մեզ վրա ճնշում գործադրվի և դիրքերից կորզվեն տարածքներ»։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահի տեսակետով՝ Ռուսաստանը պետք է փորձեր սանձել Ադրբեջանի ագրեսիվությունը. «Ռուսաստանը միջուկային պետություն է՝ ինքը ունի միջուկային զենք։  1992թ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԱՊՀ հավաքական ուժերի հրամանատար Մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ եթե Թուրքիան իր ռազմական ուժով միջամտի Կովկասի գործերին հօգուտ Ադրբեջանի, ապա Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի։ Եվ այս սանձումից հետո Թուրքիան ոչ մի ձևով չմիջամտեց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նույնիսկ քաղաքական հայտարարություններ չարեց»։ 

Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուսաստանն այսօր չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները։ Նա, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում ՀԱՊԿ-ն անելիք չունի, քանի որ դա սահմանային միջադեպ է, շեշտեց. «Ի՞նչ է նշանակում՝ սահմանային վեճ է, ՏԻՄ ղեկավա՞րն է հրազենից վիրավորել. ռմբակոծել են ՀՀ դիրքերը։ Եվ սա անում է այսօր ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի հետ մասնակցող Ադրբեջանը։ Այսինքն՝  երկակի ստանդարտներ են գործում։ Մենք իրավունք չունենք ակնկալելու օգնություն ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, նույն ՆԱՏՕ-ից, իսկ Ադրբեջանը, որը մեզ վրա հարձակվում է, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, մինչդեռ Ռուսաստանը լռում է»։ 
 
Քաղաքագետի տեսանկյունով՝  սահմանազատման աշխատանքը Ադրբեջանն է ձգձգում՝ ՀՀ տարածքները զավթելու, բարձունքները զբաղեցնելու միտումով՝ այդպիսով թելադրելով իր կամքը Հայաստանին։ 

Նարա Մարտիրոսյան