Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը ռուսական կողմից է «Սասնա ծռերի» հետ «մերձենալու» պատճառո՞վ

Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը ռուսական կողմից է «Սասնա ծռերի» հետ «մերձենալու» պատճառո՞վ
Քաղաքականություն
18:56, 09 февраль 2021
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով մեղադրել էր վարչապետին՝ ԱԱԾ-ի միջոցով իրեն ռեկտորի պաշտոնից հրաժարականի պահանջ ներկայացնելու մեջ։

Որոշ տեղեկություններով՝ իրականում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը ռուսական կողմից է, քանի որ Դարբինյանի հարաբերությունները վերջերս սերտացել են «Սասնա Ծռեր» կուսակցության հետ, որն ակնհայտ հակառուսական ուժ է համարվում։ 

Տեղեկություններ կան, նաև, որ Դարբինյանը իր հրաժարականի պահանջի մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հիմքեր ստեղծի քաղաքական դաշտ մտնելու և ընդդիմադիր մեկնարկի համար: 

Հայ ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Դարբինյանը չի պատրաստվում որևէ հավելյալ մեկնաբանություն տալ իր գրառման մասին։

Ռուսական կողմից հրաժարականի պահանջի և Դարբինյանի՝ Փաշինյանին մեղադրելով քաղաքական մեկնարկի հիմքեր ստեղծելու առթիվ հարցին ի պատասխան Մարգարյանը հայտարարեց․ «Կեղծ տեղեկատվություն է և չի համապատասխանաում իրականությանը»։ 

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է Արմեն Դարբինյանի դեմ քրեական գործ կա հարուցված, կամ արդյո՞ք հայ-ռուսական համալսարանում ինչ-որ ստուգումներ են անցկացվում։ Մարգարյանը միանշանակ բացասական պատասխան տվեց, նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։ 

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես հրաժարվեց  որևէ մեկնաբանություն տալ Դարբինյանի գրառման մասին՝ հորդորելով մեզ դիմել ԱԱԾ-ին։ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին «Ժողովուրդ» թերթին «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը Արմեն Դարբինյանի հետ համագործակցելու առթիվ ասել էր. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի եւ հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձեւավորելու կարիք կա, եւ դա կարող է առողջ ուժերի համախմբման ձեւաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին եւ դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»: 
 
Նա նաև հավելել էր, որ եղել է ընդհանուր գաղափար Դարբինյանի կողմից՝ համախմբում ինչ-որ գաղափարների շուրջ, որին իրենք ընդհանուր դրական են վերաբերվում, քանի որ, իրենց կարծիքով, այդ զարգացումները առողջ ուժերի, գործիչների համախմբման հարթակ կարող է դառնալ: Ինքը՝ Դարբինյանը հրաժարվել էր մեկնաբանել «Սասնա ծռերի» հետ համագործակցելու մասին տեղեկությունը։ 
 
Սյուզի Սիրականյան