Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը
Քաղաքականություն
19:06, 26 июль 2021
Օգոստոսի 2-ին, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կքննարկվի Կառավարության կողմից ներկայացված՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրակարգին կից նախագիծը դեռեւս ԱԺ կայքում տեղադրված չէ։ 

Փոխարենը e-draft հավելվածում կա մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կունենա նաեւ նախաքննություն իրականացնելու իրավունք։

Ըստ նախագծի, ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Նախագծով առաջարկվում է ճանապարհատրանսպորտային հանցագործություններով նախաքննության իրականացնելու լիազորությունը հանձնել Քննչական դեպարտամենտին։ Նշենք, որ նախկինում ՃՈ-ն էր իրականացնում նման գործերի քննությունը, բայց 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ եւ ոստիկանությունը զրկվեց նախաքննություն իրականացնելու իրավունքից, քանի որ ոստիկանությունը գտնվում էր գործադիրի կառավարման ներքո, ինչը չի կարող ապահովել քննության օբյեկտիվությունն ու անաչառությունը, ինչից 5 տարի անց Փաշինյանի կառավարությունը որոշեց կրկին գործադիրի վերահսկողության տակ վերադարձնել նախաքննությունը։ Քննչական կոմիտեի՝ նշված գործերով զբաղվող քննիչների հաստիքները կտեղափոխեն ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտ։

Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը:

Աղբյուր՝ pastinfo.am