Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միութենական պետության ջատագովները ռուսական ուժեր են՝ հայկական ազգանուններով»․ իրավապաշտպան

«Միութենական պետության ջատագովները ռուսական ուժեր են՝ հայկական ազգանուններով»․ իրավապաշտպան
Քաղաքականություն
19:03, 09 февраль 2021
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան որոշ քաղաքական շրջանակների կողմից առաջ բերվեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Շաբաթ օրը կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» խորագիրը կրող նախաձեռնության համագումարը։ Այս նախաձեռնության հեղինակներն են՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը և այլք։

Համագումարի ընթացքում հայտարարվեց, թե «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության մեջ»: 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ «դա ռուսական ծրագիր է, որ աշխատում է դեռեւս 90-ական թվականների կեսերից, եւ հիմա պայմանավորված Հայաստանի ներկա իրավիճակով՝ այն փոքր-ինչ ակտիվացել է, բայց դա չի նշանակում, թե  կարող է հաջողություն ունենալ․ դա ընդամենը լուծում է Հայաստանի աննեկսիայի հարցը Ռուսաստանի կողմից, որը, պետք է որ, հաջողությամբ չպսակվի, ես վստահ եմ»։

Հարցին, թե արդյո՞ք տվյալ ուժերը ինչ-որ կերպ ուղղորդվում են Ռուսաստանի կողմից, իրավապաշտպանն արձագանքեց․ «Այդ ուժերը ոչ թե ուղղորդվում են Ռուսաստանի կողմից, այլ ռուսական են, ռուսամետ ուժեր են, ուղղակի հայկական ազգանուններով, բայց դրանք միշտ էլ Հայաստանում փորձել են ջրի երեսին լինել, բայց երբեք իրենց չի հաջողվել․ այսօր պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը օգտագործելով՝ փորձում են ակտիվանալ, բայց, կարծում եմ, դա էլ ժամանակավոր է եւ չի ստացվելու նրանց մոտ»։ 

Ըստ նրա՝ Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության դեմ ուղղված քայլեր են։ Ռուսաստանը փորձում է նրանց ձեռքով իրականացնել․ միշտ էլ Հայաստանում եղել են այդպիսի ուժեր թույլ եւ լուսանցքային, եւ հիմա, ցավոք, այնպիսի իրավիճակ է, որ նաեւ Հայաստանի իշխանություններն են թույլ ու ռուսամետ՝ նրանք ավելի ուժեղ են երեւում, բայց իրականում նրանք չունեն այդ ուժը, անգամ Ռուսաստանը չունի այդ հնարավորությունները, որպեսզի ծավալի իր կայսերապաշտական գորոծունեությունը։

Անդրադառնալով պնդումներին, որ Ռուսաստանի այլընտրանքը թուրքական լծի տակ հայտվելն է՝ նա ասաց, որ չկա նման այլընտրանք, նման բան գոյություն չունի ընդհանրապես, առավել եւս, որ ինքը՝ Ռուսաստանը հրապարակային նման պահանջ չի ներկայացնում Հայաստանին, չկա նման պահանջ, դա մտացածին է։ Ռուսաստանը չի պահանջում որևէ նախկին միութենական հանրապետությունից, այդ թվում նաեւ Հայաստանից մտնել միութենական պետության մեջ։ Թուրքական այլընտրանքը նույնպես հորինված է, իսկ հորինված գաղափարները շատ շուտ տապալվում են։

 Ըստ զրուցակցի՝ իհարկե, Հայաստանը բավարար անվտանգություն չունի այս պահին, դա ակնհայտ է, հետապատերազմյան շրջան է, բայց դա բոլորովին չի նշանակում, թե մենք պետք է մտնենք ինչ-որ միութենական հարաբերությունների մեջ մի երկրի հետ, որը նման բան չի պահանջում ու նույնիսկ ցանկություն չունի։

Անդրադառնալով ռուս վերլուծաբաններին՝ նա նշեց, որ վերլուծաբանների կարծիքը եւ Ռուսաստանի կարծիքը տարբեր բաներ են․ «Ցանկացած ռուսախոս դիտարկվում է Կրեմլին մերձ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Կրեմլը ունի հրապարակային տեսակետ եւ վերլուծաբանները չէ, որ պետք է լինեն դրա արտահայտիչը, իսկ Հայաստանը չպետք է դրանց հետեւի»։

Գեղամ Ադյան