Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակ է փոխվել․ ԼՀԿ-ն դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թե ոչ․ 1in.am

Իրավիճակ է փոխվել․ ԼՀԿ-ն դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թե ոչ․ 1in.am
Քաղաքականություն
10:32, 27 июль 2021
Օրերս ԿԸՀ-ն որոշեց, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին։

Ընտրություններ լինելու են նաև Վանաձորում, որտեղ գործող քաղաքապետ Մամիկոն Ալսանյանը որոշել է նորից առաջադրվել։ Նա գտնում է, որ նորից պետք է առաջադրվի, քանի որ կիսատ թողած գործերը պետք է շարունակի:

Հիշեցնենք, որ 2016-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին Վանաձորի քաղաքապետ ընտրեց Մամիկոն Ասլանյանին, որն առաջադրվել էր ՀՀԿ-ից, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը չընտրվեց:

ԼՀԿ-ն դեռ չունի որոշում՝ կմասնակցի՞ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թե ոչ։ Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հստակ կլինի որոշում, կուսակցությունը հայտարարություն կտարածի։

Անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի որոշմանը, որ մտադիր է առաջադրվել այս ընտրություններին, արդյոք լուրջ ընտրապայքար կլինի՞, Մարուքյանը նշեց, որ Հայաստանում փոխվել են առաջանահերթություններ և իրավիճակ։

«Մի ժամանակ իշխանության նկատմամբ մի վերաբերմունք կար, հիմա բոլորովին  այլ վերաբերմունք է, մի ժամանակ ընդդիմություն լինելն էլ մեծ պարծանք և հպարտություն, հիմա թշնամի են համարում և  ընկալումները շատ շեղված են, և պարզ չէ, թե ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, մի քիչ անհասկանալի իրավիճակ է»,-հավելեց Մարուքյանը։

Ի դեպ, մամուլը գրում է, որ չի բացառվում նախկինում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը հիմա էլ ՔՊ-ի կողմից առաջադրվի։ Ինքը՝ Մամիկոն Ասլանյանը, այս լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, միայն ասում է, որ այդ առումով որևէ շոշափելի, առարկայական բան չկա։

Աղբյուր՝ 1in.am