Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Հակոբյանը առաջարկել է հրաժարվել 250 հազար դրամներից, խմբակցության պատգամավորները «թռել են» նրա դեմքին․ ArmDaily.am

Վահե Հակոբյանը առաջարկել է հրաժարվել 250 հազար դրամներից, խմբակցության պատգամավորները «թռել են» նրա դեմքին․ ArmDaily.am
Քաղաքականություն
17:43, 27 июль 2021
ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հայաստան» դաշինքի վերջին ժողովից, որի ժամանակ որոշվել է, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավար եւ քարտուղար։

Մեզ հայտնի դարձավ, որ ժողովի ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը առաջարկել է, որ հենց ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարեն, որ իրենք հրաժարվում են «ձեռքի ծախսի» գումարից՝ 250 հազար դրամից։ Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ն վերջերս փոփոխություններ կատարեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի համաձայն՝ հնգապատկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դառնալով 250 հազար դրամ:

Մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը «թռել է» Վահե Հակոբյանի դեմքին, թե «ձեզ համար հեշտ է խոսել, դուք միլիոնատեր մարդ եք, եթե հրաժարվում ենք, բերեք ձեր բիզնեսներից մեզ այդ 250 հազար դրամը փոխհատուցեք»։ Արդյունքում՝ բոլորը մերժել են այս առաջարկը՝ նշելով, որ օրենքը ընդունվել է, իրենց հասանելիք գումարը կստանան։ Արմատական դեմ արտահայտվողները եղել են ՀՅԴ-ականները, ովքեր նշել են, թե «դա ինչ թիթիզություն է, օրենքը ընդունվել է, պիտի ստանանք, եթե ուզում եք հրաժարվել, բերեք փոխհատուցենք»։

Նկատենք, որ պատգամավորներին «լավ նայելու» ինստիտուտը լայնորեն տարածված էր Հանրապետականում, որտեղ ոչ բիզնեսմեն պատգամավորներին կուսակցությունից ամսական գումար էին հատկացնում։ Ուշագրավ կլիներ այս նախագծի ընդունումը հենց 8-րդ գումարման խորհրդարանում, մի կողմից, իհարկե, ընդդիմության համար ընդունելի չէ այս սուղ պայմաններում նման շռայլությունը, մյուս կողմից էլ դա վերաբերում է իրենց գրպանի պարունակությանը։

Ստացվում է, որ արդեն պատգամավորի կարգավիճակում 400-500 հազար դրամ աշխատավարձը նրանց ոչ մի կերպ չի բավականացնելու, այդ պատճառով չեն կարող հրաժարվել 250 հազարից։

Մինչդեռ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների մի ստվար հատված մինչեւ ԱԺ-ում հայտնվելը 250 հազար դրամ աշխատավարձի մասին կարող էին միայն երազել։