Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն

Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն
Քաղաքականություն
23:30, 17 октябрь 2023
Իսպանիայի Սենատն այսօր ԼՂ հարցով հայտարարություն է ընդունել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ։ Civic.am-ի հարցին ի պատասխան Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը պարզաբանեց, որ տեքստը վաղուց էր ներկայացվել Սենատ` ռազմական գործողությունների ընթացքում, սակայն քննարկումը բավականին երկար է տևել, այդ իսկ պատճառով այն ընդունվել է այսօր։

Հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. 

«Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի,
Սենատը՝
 - Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 
-Կոչ է անում կողմերին վերականգնել դիվանագիտական ուղիները և իր մերժումն է հայտնում Ադրբեջանի կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարով և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:
-Պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը վավերացրել է  Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ կոնվենցիան։
-Ցավում և դատապարտում է մարդկային կյանքերի կորուստը և իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Իսպանիայում բնակվող հայ համայնքին։
-Ընդգծում է Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում, և պահանջում է, որ նրանք թույլ տան միջազգային դիտորդների և հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։
-Հաշվի է առնում և աջակցում է ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերը՝ համարելով, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային, համընդհանուր և տևական լուծում գտնելուն։
-Ողջունում է Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության(AECID), ինչպես նաև Իսպանիայի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը՝ խրախուսելով կատարելու լրացուցիչ ներդրումներ՝ տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար»: