Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կան քննարկումներ, սակայն այսօր ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները Գեղարքունիքի հատվածում տեղակայված չեն». Անդրանիկ Քոչարյան

Civic.am-ին տված հարցազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին, նշեց, որ այս պահին վիճակը հանգիստ է։ Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը կապված է Ադրբեջանի օրակարգի, պլանների հետ։ 

«Դա կապվում է սահմանային դեմարկացիայի, դելիմիտացիայի խնդիրների հետ, և այդ ամբողջն էլ կապում են խաղաղության պայմանագրի հետ, իսկ դա կապվում է Արցախի կարգավիճակի հետ, և, բնականաբար, մենք պետք է կարողանանք հրադադարի ռեժիմի պահպանման օրակարգը հարստացնել՝ օգտագործելով նաև միջազգային կառույցների՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հնարավորությունները և նրա ներկայությունը այդ խնդիրների լուծմանը, և հրադադարի ռեժիմը պահելով՝ կարողանանք անվտանգային խնդիրները բերել պատշաճ մակարդակի՝ հեռացնելով նման պրովոկացիոն գործողությունները հակառակորդի կողմից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։  

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Սոթքի հատվածում՝ Քոչարյանը նշեց, որ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ եթե Հայաստանի իշխանությունները ունենան ցանկություն, այդ պայմանագրի կետերից ելնելով, ներգրավելու ռուսական սահմանային ծառայության  ներկայություն, ապա կներգրավեն։ «Կան քննարկումներ, սակայն ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները այսօր այնտեղ տեղակայված չեն, բայց դուք գիտեք, որ Զանգեզուրում ունենք տեղակայված՝ թե՛ սահմանապահ զորքերում, թե՛ այլ հատվածներում, և իրենք իրենց խաղաղապահ առաքելության խնդիրների լուծմանն են առնչվում։ Նույնը քննարկվում է նաև հյուսիսային հատվածներում»,- ասաց Քոչարյանը։ 
Թե ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը սահմանում լարվածություն պահելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանը դեռ իներցիայով իրեն զգում է հաղթանակած կողմ և այդ հաղթանակների նյութականացման այլ ծրագրեր ևս ունի, բայց կարծում եմ, որ մեր խնդիրն է կասեցնել այդ հոգեբանական տրամաբանությունը, որն Իլհամ Ալիևը փորձում է իրագործել, և դրա արդյունքում մենք պետք է առաջնահերթ մեր անվտանգային համակարգը և զինված ուժերը ամեն օր ուժեղացնենք և գանք այն վիճակին, որը կկանխի նման գործողությունների հնարավորությունը հակառակորդի կողմից»։

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ կապված միջանցքի հետ, Քոչարյանը նշեց, որ Ռուսաստանն ունի իր շահերը, բայց Հայաստանը անկախ պետություն է և պետք է շարժվի իր շահերի տեսանկյունից։

Բանակի բարեփոխումների մասին Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կատարվել են կադրային փոփոխություններ, իսկ մյուս փոփոխությունները պետք է տեղի ունենան ժամանակի ընթացքում և՝ հնարավորինս արագ։ «Հետպատերազմյան շրջանում, պատերազմ անցած սպայական կազմից պետք է աչքի ընկածները բարձրանան վերև և կարողանան շատ ամբիցիոզ կերպով ներգրավված լինելով նոր ծրագրերի մեջ՝ լուծել խնդիրները»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։ 

Պատգամավորը ասաց նաև, որ Հայաստանը պետք է ձեռք բերի գերժամանակակից սպառազինություն, իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանալ նախ՝ լուծել կրթական խնդիրները, բարձրացնել ինտելեկտուալ կարողությունները, և այդ սպառազինությունը պետք է համահունչ լինի հակառակորդի ձեռք բերած սպառազինությանը։ 

 «Մենք պետք է ունենանք լավագույն սպառազինություն, Ռուսաստանը ևս ունի սպառազինության տեսականի, որը լավագույններից է աշխարհում։ Կան նաև տեսականիներ, որ մենք կարող ենք ձեռք բերել այլ երկրներից։ Ասենք՝ հեռահար հրետանային համակարգեր ունեն թե՛ Կորեան, թե՛ Գերմանիան։ Նաև պետք է հաշվի առնենք, որ մենք ինքներս էլ պետք է դառնանք սպառազինություն արտադրող երկիր»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։