Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը․ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

«Ի հեճուկս ՀՀ կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով  իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,- այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը համանախագահների հովանու ներքո. «Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանն արտահայտել է իր պատրաստակամությունը: Սակայն Ադրբեջանը փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»:

Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Ադրբեջանում բոլոր հայ դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում. «Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝  Լեռնային Ղարաբաղում կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է»: