Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեսա կպարզվի, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզպետին

Հեսա կպարզվի, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզպետին
Քաղաքականություն
13:06, 29 июль 2021
Այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի կողմից Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնադահուկային համալիրի կառուցման նպատակով ներդրումային ծագրի հարցի քննարկմանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ իրենք իրենց մտահոգություններն ու առաջարկներն են ներկայացրել էկոնոմիկայի նախարարությանը. «Մինչ այս պահը դրանք չեն ընդունվել: Պարոն Քերոբյանն ասաց, որ հողակտորների ձեռք բերման հետ կապված կա խնդիր. պահանջները, որոնք ներկայացվել են, հակասում են մեր օրենսդրությանը: Հնարավոր չի, որ մարզպետը կամ համայնքը որոշի, և այդ հողակտորները տրվեն ներդրողին»: 

Մարզպետի խոսքով՝ Ապարան համայնքի բնակիչներն ունեն հարցեր և մտահոգություններ այդ ծրագրի հետ կապված. «Մենք առաջարկել ենք, որ հանրային քննարկումներ կազմակերպվեն, ինչը մինչ այժմ չի կատարվել: Այս որոշումից հետո, ենթադրում եմ, որ բնակիչների բողոքի ալիքը նորից կբարձրանա»:

Ի պատասխան մարզպետի ելույթի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր ելույթից հետո հնարավոր է, որ այս ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի, պարոն Գևորգյան, որովհետև ամեն որոշման հետ կապված էսպիսի սարսափի մթնոլորտ տարածել, որ՝  վայ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ըդտեղ ոչ մի բան չկառուցեն, ճիշտ բան չի: Հեսա կխորանանք և կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում հայ ժողովրդի և ՀՀ-ի դեմ: Քվեարկելուց առաջ մտածեք, որովհետև պատմությունը հնարավոր է ձեզ չների»: