Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր ընտրվելը չի ազատում կալանքից և քրեական հետապնդումից․ օրենսդրությամբ նրանց անձեռնմխելիության հաղթահարման խնդիրը արդեն իսկ լուծված է․ դատախազություն

Պատգամավոր ընտրվելը չի ազատում կալանքից և քրեական հետապնդումից․ օրենսդրությամբ նրանց անձեռնմխելիության հաղթահարման խնդիրը արդեն իսկ լուծված է․ դատախազություն
Քաղաքականություն
18:30, 29 июль 2021
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը մամուլում հայտարարել է, թե Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն, որովհետև ունեն անձեռնմխելիություն, և անձեռնմխելիության հաղթահարումն իրականացվում է Ազգային ժողովի  համաձայնությամբ։  

«Դատախազությունը Սահմանադրությամբ օժտված է քրեական գործի օրինականության հսկման լիազորությամբ, ինչն իրենից ենթադրում է նաև պարտականություն։ Օրինականությունն առնվազն երեկվանից սկսված խաթարվել է, որովհետև երեկ ԱԺ պատգամավորի վկայականներ են ստացել Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը։ Այդ հանգամանքը ես երեկ երեկոյան փոխանցել եմ դատախազությանը, իրենք այդ հանգամանքով պետք է արդեն իսկ սահմանափակված լինեն», -  նշել է Վարդևանյանը։

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ օրենսդրությամբ նրանց անձեռնմխելիության հաղթահարման խնդիրը արդեն իսկ լուծված է. «Նրանք, հանդիսանալով պատգամավորության թեկնածուներ, հարուցվել է քրեական հետապնդում, և այդ շրջանակներում դատախազությունը համաձայնություն ստացավ ԿԸՀ-ից՝ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդության բավարարման առումով»։

Աբրահամյանն ընդգծեց. «Օրենքը նախատեսում է, որ  պատգամավորի անձեռնմխելիության խնդիր կարող է առաջանալ, եթե քրեական հետապնդման հարց է առաջանում, երբ իրենք ունենում են պատգամավորի կարգավիճակ, և դրանից հետո է միայն առաջանում քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտություն։ Այսինքն՝ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է  մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։ ՀՀ օրենսդրությունը այդ պարագայում չի նախատեսում Ազգային ժողովի կողմից համաձայնություն ստանալու քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու ընթացակարգ»։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքից կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանից և Արթուր Սարգսյանից բացի, այլ անձինք էլ են անցնում քրեական գործերով, որոնք, ըստ էության, արդեն իսկ զրկված են պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այսպիսով՝ դաշինքի ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 միլիարդ դրամի՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում) (Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր)։

Ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Մարտի 1-ի գործից զատ, մեղադրվում է նաև «ՁորաՀԷԿ»-ի գործով։ Քննությունը պարզել է, որ տարիներ առաջ Լոռու մարզում գտնվող պետական սեփականություն հանդիսացող խոշոր հիդրոէլեկտրակայանը կասկածելի գործարքի արդյունքում շուկայականից 3 միլիոն դոլար պակաս գնով օտարվել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին։ Օտարման գործով 5 մեղադրյալ է անցնում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրա տեղակալը և հանձնաժողովի երկու անդամներ:

Ցուցակի 20-րդ համարը մեղադրյալ պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։ Նա էլ, ինչպես հայտնի է, մեղադրվում է իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրելու, պարտադրելու համար, որպեսզի  մասնակցեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։ 

Ցուցակի 22-րդ համարը՝ Դավիթ Սեդրակյանը, ով Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին է, ևս անցնում է քրեական գործով, որը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստին: 

«Պատիվ ունեմ» դաշինքից էլ քրգործերով անցնում են խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը (մեղադրվում է իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար), և երկրորդ համարը՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընդդիմադիր դաշինքներից ԱԺ պատգամավոր ընտրված 8 անձինք անցնում են քրեական գործերով, որոնցից 2-ը կալանավորված են, իսկ մյուսները զրկված են պատգամավորական անձեռնմխելիությունից, և նրանց նկատմամբ իրավապահ մարմինները որևէ խնդրի չեն կարող բախվել՝ առկա քրեական հետապնդումները շարունակելու հարցում։

Գեղամ Ադյան