Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մեջ էինք, «Երկիր մեդիայի» ռեյտինգը բարձրացվում էր, ու գովազդ էր գնում. այժմ շուկան ազատականացվում է. Սիսակ Գաբրիելյան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց օրենքի նախագծի հեղինակը, նախագծով փորձ է արվում ըստ էության պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը. «Նախագծով առաջարկվում է, որ հեռուստաընկերությունները իրենք ստեղծեն խորհուրդ, որը կընտրի չափումներ իրականացնող կազմակերպությունը, և իրենք վերահսկողություն կունենան այդ չափիչ ընկերության նկատմամբ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը, դիմելով օրենքի նախագծի հեղինակին, նկատեց, որ մինչ այս գոյություն ունեցող այդ կազմակերպության միջոցով ըստ էության մեծացրել են իրենց քաղաքական ազդեցությունը հեռուստաընկերությունների վրա և կախվածության մեջ են պահել գովազդ մատակարարելով, մյուս կողմից էլ՝ գովազդային շուկան են մոնոպոլիզացրել՝ կառավարելով գները:

Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Եթե պարզ ասեմ, այո՛, հենց այդպես էլ եղել է՝ եթե կոալիցիայի մեջ ենք եղել Դաշնակցության հետ՝ «Երկիր մեդիա»-ի ռեյտինգը բարձրացվել է, և գովազդից փող եկել, կոալիցիայի մեջ չենք, խելոք չեն պահում՝ գովազդ չի գնա: Կամ, ասենք, «Կենտրոն» հեռուստաընկերությունը. պե՞տք է ռեյտինգ չունենա՝ չի ունենա, չի ունենա՝ գովազդ չի գա, գովազդ չի գա՝ այդ հեռուստաընկերությունը ֆինանսական աղբյուրներից կզրկվի»:

Ինչպես նշեց Սիսակ Գաբրիելյանը, այս օրինագծի նպատակը շուկայի ազատականացումն է:

Մանրամասն՝ տեսանյութում