Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Քաղաքականություն
22:37, 29 июль 2021
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը`փոխանցում է Ermenihaber-ը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:

Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջիններս կռվի էին բռնվել Վաշինգտոնում Էրդողանի դեմ բողոքող ցուցարարների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին:

2019-ի սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Դատարանը հայցերն ընդունել էր: Ի պատասխան թուրքական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին: 


2021-ի հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը: