Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ գործադիր իշխանությունն ունի իր շահերը մեր տարածաշրջանում՝ Բաքու-Ջեյհան նավթատարը սկիզբ է առնում Ադրբեջանից, որը կարևոր է ԱՄՆ-ի համար․ Սաֆրաստյան

ԱՄՆ գործադիր իշխանությունն ունի իր շահերը մեր տարածաշրջանում՝ Բաքու-Ջեյհան նավթատարը սկիզբ է առնում Ադրբեջանից, որը կարևոր է ԱՄՆ-ի համար․ Սաֆրաստյան
Քաղաքականություն
12:41, 30 июль 2021
«ԱՄՆ գործադիր իշխանությունը շատ անգամ չի արձագանքում այն մեսիջներին, որոնք գալիս են Կոնգրեսից։ ԱՄՆ գործադիր իշխանությունն ունի իր շահերն ու նպատակները մեր տարածաշրջանում և ամենակարևորը չմոռանանք, որ Բաքու-Ջեյհան նավթատարը սկիզբ է առնում Ադրբեջանից, որը կարևոր է ԱՄՆ-ի՝ Արևմուտքի համար»,- «Արմենպրես» գործակալության ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով օրերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այն բանաձևին, որում խոսվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության դադարեցման մասին։ 

«Հիմա մենք բացի այն, որ պետք է կարողանանք ագրեսորներին դուրս շպրտենք մեր տարածքից ու պաշտպանենք մեր սահմանները, պետք է նաև շատ մեծ ուշադրություն դարձնենք թիրախավորված դիվանագիտական գործունեությանը՝ հիմա այդ փուլն է սկսվում»,-ասաց թուրքագետն ու նշեց թիրախային ուղղությունները․ «Դիվանագիտական կարևոր ուղղությունները՝ դա առաջին հերթին Արցախի հարցի արդարացի՝ կարգավիճակի լուծումն է, ԼՂ-ի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների դեօկուպացիան է խաղաղ-դիվանագիտական ճանապարհով։ Պետք է ընդլայնել այն պետությունների շրջանակը, որոնք բարյացակամ են վերաբերում մեզ, այն պետությունները, որոնք ոչ միայն մեզ են լավ վերաբերում, այլ նաև ունեն օբյեկտիվ պատկերացումներ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Ես տեսնում եմ, որ կան շատ պետություններ, որոնք ենթարկվում են թուրքական կեղծ քարոզչության ճնշմանը և նրանց մոտ ստեղծվում է կեղծ պատկերացում մեր տարածաշրջանում գործող։ Մենք պետք է փաստերը դնենք տարբեր երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների սեղանին»։ 

Ռուբեն Սաֆրաստյանը դիվանագիտական ուղղությունների հարթակում ընդգծեց նաև Իրանի դերը, և նշեց, որ Իրանը տարածաշրջանային կարևոր գործոն է և պետք է Հայաստանը խորացնի Իրանի հետ բարեկամական հարաբերությունները․ «Բայց նաև գաղտնիք չէ, որ Իրանն ունի իր խնդիրը կապված թուրքալեզու փոքրամասնության հետ։ Հյուսիսային Իրանը բնակեցված է թուրքալեզու ցեղերով և այնտեղ ակտիվորեն գործում է թուրքական հետախուզությունն ու պրոթուրքական կազմակերպությունները։ Եվ այս պատճառով Իրանը կաշկանդված է իր քաղաքականության մեջ։ Բայց մենք պետք է Իրանի հետ խորացնենք բարեկամական կապերը»: