Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրինագիծը վերաբերվում է հայհոյանքին․ սուր քննադատությունը չի կարող հայհոյանքի ներքո անցնել, դա բացառվում է»․ «Իմ քայլի» պատգամավոր

«Օրինագիծը վերաբերվում է հայհոյանքին․ սուր քննադատությունը չի կարող հայհոյանքի ներքո անցնել, դա բացառվում է»․ «Իմ քայլի» պատգամավոր
Քաղաքականություն
16:55, 30 июль 2021
ՀՀ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնք առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ, պարբերաբար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախագծում նշվում է, որ  հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նախագծի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» Աշոտ Մելիքյանի և նախագծի համահեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։ 

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց, խիստ վիճահարույց է և բավականաչափ քննարկված չէ, այդ թվում՝ մասնագիտական կառույցների հետ չի քննարկվել։

«Եվ, ցավոք, այնտեղ լուրջ վտանգներ կան, որոնք սպառնալիք են խոսքի ազատությանը։ Եվ այստեղ ես ամենևին նկատի չունեմ հայհոյախոսությունը, և որպեսզի չշահարկվի իմ մեկնաբանությունը, միանգամից ընդգծեմ, որ ես դեմ եմ և դատապարտում եմ հայհոյախոսությունը, որը տարածված է և՛ սոցիալական ցանցերում, և՛ ԶԼՄ-ներում։ Բայց եթե այդ օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորյալ նպատակով հայհոյախոսելուն, այդ հայհոյախոսության դեմն առնելուն, որևէ առարկություն չէինք ունենա»,- ասաց Աշոտ Մելիքյանը։  

Նա նշեց, որ նախագծում տեսնում է ոչ հստակ ձևակերպումներ՝ մասնավորապես, երբ խոսքը անձի հանրային գործունեության վերաբերյալ դրույթին է վերաբերում, ապա այստեղ տեսնում են, որ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, որոնք բազմաթիվ սխալներ են թույլ տալիս կամ կարող են թույլ տալ, լրացուցիչ պաշտպանության տակ են առնվում, և ոչ հստակ ձևակերպումների պատճառով կստացվի նաև, որ սուր խոսքը կարող է ընկալվել որպես հայհոյանք և ծանր վիրավորանք։   
«Ցավոք,  նախագծում հստակ տարանջատում չկա, և ծանր վիրավորանքի տակ կարող է ընկնել սուր խոսքը, մանավանդ մեր հանրային գործիչներից շատերը ուղղակիորեն սուր քննադատությունը համարում են վիրավորանք, և սա կարող է նոր ու անհիմն դատական հայցերի առիթ դառնալ: Այս ամենը մեզ մոտ խորը մտահոգություն է առաջացնում։ Զարմանում եմ, որ իմքայլականների մեջ գտնվող նախկին լրագրողները չեն կարողացել կամ իրենք չեն ցանկացել համոզել իրենց խմբակցությանը և  քաղաքական որոշումներ ընդունողներին, որ սա ուղղակիորեն բացասական գնահատական կարող է ստանալ նաև միջազգային ատյաններում և դրանով Հայաստանի վարկանիշին վնաս հասցնել»։

Երբ Վահագն Հովակիմյանին փոխանցեցինք նախագծի վերաբերյալ առկա մտահոգությունը, նա ասաց, որ երբեք չի կարող սուր խոսքն ընկալվել որպես հայհոյանք։

«Օրենքում կա տարանջատում, գրված է հայհոյանք,  արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։ Դա վերաբերում է հայհոյանքին։ Սուր քննադատությունը չի կարող երբեք հայհոյանքի ներքո անցնել, դա բացառվում է։ Այն, ինչի մասին խոսում են քննադատները, նույնիսկ եթե անձը դա համարի վիրավորանք, դա ոչ թե գալիս է Քրեական օրենսգրքի տիրույթ, այլ գնում է Քաղաքացիական օրենսգրքի կարգավորման դաշտ, ինչպես մինչև հիմա եղել է»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ 

Նա նաև նշեց, որ ԶԼՄ-ներից պահանջվելու է, որ եթե նրանց հետ զրույցում որևէ մեկը հայհոյանք է տվել, ապա պատրաստվող նյութում դա չպետք է կրկնել բառացի, այլ գրել, որ հայհոյել է, որպեսզի անձի արժանապատվության նվաստացմանն իրենք էլ մասնակից չդառնան, իսկ եթե տեսանյութ են դնում, հայհոյանքի հատվածը պետք է փակել։

Նա նաև նշեց, որ ըստ նախագծի՝ լրագրողին հայհոյելը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, եթե դա արձանագրված է կամ, օրինակ, ուղիղ եթերում է եղել, ապա այն հանրային մեղադրանք է։

«Եվ նույնիսկ այս դեպքում, եթե դա բոլորին հայտնի իրադարձության ժամանակ է տեղի ունեցել, պետք էլ չի, որ լրագրողն ինքը դիմի քրեական գործ հարուցելու համար, իրավապահներն իրենք են պարտավոր ընթացք տալ դրան, որովհետև դա հանրային մեղադրանք է և ընկնում է որակյալ մասի տակ»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ 

Լիլիթ Թադևոսյան