Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք, որ մեծամասնությունը քաջություն կունենա օգտագործելու իր մանդատը և գլխավոր դատախազին հրավիրելու ԱԺ. Լիլիթ Գալստյան

Հույս ունենք, որ մեծամասնությունը քաջություն կունենա օգտագործելու իր մանդատը և գլխավոր դատախազին հրավիրելու ԱԺ. Լիլիթ Գալստյան
Քաղաքականություն
13:58, 02 август 2021
Դիմելով «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի իրենց թեկնածուին ներկայացնող խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝  նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց. «Ըստ էության մենք ականատեսն ենք ու վկան Ազգային ժողովի ապօրինի ձևավորման. կամայական մեկնաբանությամբ ոտնակոխ է արվում Սահմանադրությունը, և անձեռնմխելիությամբ օժտված մեր երկու գործընկերներ զրկված են ընտրելու և ընտրվելու իրենց սահմանադրական իրավունքից»:

Նա հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին. «Եթե կարողանանք հրավիրել գլխավոր դատախազին՝ լսելու օրինական հիմնավորումները, արդյոք դուք վստա՞հ եք, որ գլխավոր դատախազը չի շարունակի սպասարկել օրվա քաղաքական շահն ու հիմքը»:

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Գլխավոր դատախազությունը պարտավոր էր կիրառել խափանման միջոցը փոխելու մասին որոշում և առնվազն, եթե կան բավարար հիմքեր քրեական հետապնդումը շարունակելու, կարող էր մտնել արդեն նոր պառլամենտ: Բայց մենք տեսնում ենք, որ ապօրինությունը շարունակվում է, և գլխավոր դատախազությունը ծպտուն չի հանում, չի ուզում գոնե մեկ հոդաբաշխ բացատրություն տալ»: Տեղից արձագանքից հետո Մինասյանը շարունակեց. «Արդեն հանե՞լ է. շատ ուրախ կլինենք լսել, թե ինչ ծպտուն է հանել»:

Դիմելով մեծամասնությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ինչո՞ւ քայլ չեք անում, ինչո՞ւ հայտարարություն չեք անում, ինչո՞ւ ձեր անունից չեք դիմում գլխավոր դատախազությանը»:

Լիլիթ Գալստյանն էլ հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը քաջություն կունենա օգտագործելու իր մանդատը և գլխավոր դատախազին հրավիրելու Ազգային ժողով: