Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քաղաքականություն
19:17, 02 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով:
Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով:

Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին:

Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը:

Հարգելի պարոն Սիմոնյան,

Ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ Ազգային ժողովի նախագահի բարձր և պատասխանատու կարգավիճակում»: