Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք երկու ընտրություն. կա՛մ շարունակել մեղադրել միմյանց և մտնել ինքնաոչնչացման փուլ, կա՛մ ծավալել կոշտ, բայց հանդուրժող քննադատություն. ես ընտրում եմ 2-րդը. Ռուբեն Ռուբինյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Սա ինձ համար պատիվ է և մեծ պատասխանատվություն առաջին հերթին մեզ վստահության մանդատ տված ժողովրդի առաջ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Նա շնորհավորեց նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով. «Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը չլսված բան է եղել հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ շարունակ, ունի շատ պարզ հիմք. ես պարտավոր եմ հարգել ձեզ տրված քվեն և հաշվի նստել դրա հետ, ինչպես և դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն և հաշվի նստել դրա հետ: Եվ եթե ես վիրավորեմ կամ զրպարտեմ իմ ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց քվե տված մեր հայրենակիցներին, և հակառակը»:

Նա հորդորեց քաղաքական բանավեճերը ծավալել կոշտ, բայց համերաշխ, հանդուրժող. «Ես և իմ քաղաքական ուժը մտադիր ենք օգտվել դրանից, և հույս ունեմ, որ մեր քաղաքական ընդդիմադիրներն էլ կօգտվեն դրանից, որովհետև մեր ժողովուրդը արժանի է լսել բարձր որակի քաղաքական բանավեճեր»:

Անդրադառնալով մեր հայրենիքի գլխին կախված մարտահրավերներին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Մենք ունենք երկու ընտրություն. կամ շարունակել մեղադրել միմյանց, մտնել ինքնաոչնչացման փուլ և թշնամու հարձակումները դարձնել կապիտալ, կամ լինել ավելի հանդուրժող և քննարկել մեր 30-ամյա սխալները և ցույց տալ, որ մեր արցախցիները, երևանցիները, շիրակցիները և բոլոր-բոլորը չեն հանձնվել: Ես ընտրում եմ երկրորդ ճանապարհը: Քաղաքական ճգնաժամն ավարտված է, և մենք այստեղ ենք ժողովրդի մեզ տրված մանդատն իրականացնելու: Այս դահլիճում նստած յուրաքանչյուրը, որն ունի նույն նպատակը, իմ դաշնակիցն է, նույնիսկ, եթե նա իմ հակառակորդն է»: