Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում սովորելու փաստը թաքցրած մարդիկ թուրքի լրտես են համարում Թուրքիայում սովորելու փաստը չթաքցրած մարդուն․ ՉԻ

Բաքվում սովորելու փաստը թաքցրած մարդիկ թուրքի լրտես են համարում Թուրքիայում սովորելու փաստը չթաքցրած մարդուն․ ՉԻ
Քաղաքականություն
18:37, 03 август 2021
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի վերաբերյալ իր ելույթում ասել է. «Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և այդ ժամանակահատվածի մասին որևէ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել: Հաշվի առնելով, որ ԱԺ նախկին նախագահը թուրքի լրտես էր, բացառված չէ, որ այս անգամ էլ ԱԺ փոխնախագահը լինի թուրքի լրտես»:

Համենայնդեպս, որոշեցինք ստուգել, թե Ռուբեն Ռուբինյանը որքանով է թաքցրել իր կենսագրության՝ Թուրքիայում գտնվելու մասը: Մտանք հայկական «Վիքիպեդիա», Ռուբինյանի էջ, սևով սպիտակի վրա գրված էր. «2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը»:

Տարրական բան է, Աննա Մկրտչյանը կարող էր մի հատ ստուգել, նոր հարց տալ խորհրդարանում: Բայց չէ, պիտի պարտադիր դա շեշտի, թուրքի լրտես, բան... առանց դրա ո՞նց կլինի:

Դե որ այդպես է, Աննա Մկրտչյանին մի բան ասենք. եթե ինքը Ռուբեն Ռուբինյանին թուրքի լրտես է համարում միայն նրա համար, որ վերջինս Թուրքիայում է գտնվել՝ Ստամբուլի համալսարաններից մեկում, ապա ուղղակի ասենք, որ իր դաշինքի առաջնորդներից մեկը Բաքվում է սովորել: Ու Ազգային Ժողովում ոչ ոք և երբեք իրեն չի ասել, թե նա ադրբեջանական լրտես է: Բնական է, Արցախը Խորհրդային Ադրբեջանի մասն էր, կուսակցական կարիերայի համար անհրաժեշտ էր Բաքվի պարտիական դպրոցում սովորել: Առանձնապես այդ փաստը ոչ ոք չի շահարկել:

Թեպետ, եթե առաջնորդվենք Աննա Մկրտչյանի տրամաբանությամբ, ապա իր առաջնորդին թուրքի, ադրբեջանցու լրտես համարելու համար ավելի շատ հիմքեր կան, քան Ռուբեն Ռուբինյանի դեպքում: Որովհետև իր առաջնորդն է իր կենսագրության այդ հատվածը թաքցրել, որ սովորել է Բաքվում: Մտեք քրքրեք Աննա Մկրտչյանի առաջնորդի կենսագրությունը, ոչ մի տեղ, ո՛չ Վիքիպեդիայում, ո՛չ իրենց կուսակցության պաշտոնական կայքում նշված չէ, որ այդ առաջնորդը 1979-1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»:

Ու միայն դա չի թաքցրել: Թաքցրել է, որ 1980-ականներին եղել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Կենսագրության մեջ դա էլ չկա: Ինչպես նաև չկա այն փաստը, որ եղել է ԽՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ: Միանգամից ՀՀԿ անդամ է դարձել: Հետաքրքիրն այն է, որ 1990-ականների սկզբներին այդ մարդու կենսագրությունը ներկայացվել է այնպես, ինչպես կա: Բարձր պաշտոնի նշանակելիս, ԳԽ պատգամավոր ընտրվելիս: Առաջնորդի անունը չենք նշում, որ ոչ ոք չջոկի, թե ում մասին է խոսքը:

Հիմա էս սաղ թողած, Աննա Մկրտչյանը հայտարարում է, թե Ռուբեն Ռուբինյանը թաքցրել է (երբ իրականում չի թաքցրել), որ Թուրքիայում է եղել, ու քանի որ թաքցրել է, ուրեմն երևի թուրքի լրտես է: 

Ու ի՞նչ է ստացվում. որ Բաքվում սովորելու փաստը թաքցրած մարդիկ թուրքի լրտես են համարում Թուրքիայում սովորելու փաստը չթաքցրած մարդուն ու այն հիմքով, որ նա թաքցրել է Թուրքիայում սովորելու փաստը: Ֆանտաստիկա է: Հիմա այսքանից հետո ո՞վ է թուրքի լրտեսը: 

Բա որ ասում ենք՝ կլոունադա է, ոչ թե՝ խորհրդարան: 2 օրվա մեջ արդեն այնքան զառանցանքներ լսեցինք: Лиха беда начало:

Աղբյուր՝ ՉԻ