Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք չանցնենք կարմիր գծերը. Եթե ինչ-որ մեկին թվա, թե ծովը ծնկներից է, կխեղդվի քաղաքականապես. Հայկ Կոնջորյան․ Տեսանյութ

Պարոն Խաչատրյանի հարցադրմանը, թե ինչի շուրջ կարող են կոնսոլիդացված աշխատել, ամենալավը պատասխանեց նրա խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. նա ասաց, որ իրենց ընտրողները այստեղ իրենց պատվիրակել են օրենսդրական գործունեության համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

«Պարոն Խաչատրյան, մենք միասին պիտի ստեղծենք օրենքներ և մեր ժողովրդի համար հավելյալ արժեք: Մենք պատրաստ ենք լսելու սուր ելույթներ, էստեղ շատ էկզոտիկ գաղափարներ են հնչել, բայց ես անվրդով լսել եմ և կարողացել եմ վերահսկել իմ էմոցիաները: Իսկ եթե դուք պատրաստ չեք լսելու ձեր մասին ճշմարտությունները, ինչ իմաստ ունի խոսելու քաղաքական փորձառության մասին»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ ագրեսիվությունը ոչ մի տեղ չի տանելու. նախորդ գումարման ժամանակ էլ կային այդպիսի մարդիկ, իսկ ուր են հիմա նրանք. «Եկեք չհատենք կարմիր գծերը: Քաղաքականությունը պատերազմ չէ, և մենք այստեղ իրար վրա փամփուշտներով չենք կրակում. խոսքի հետ պետք է շատ զգույշ լինել: Եթե ինչ-որ մեկին թվա, թե ծովը ծնկներից է, կխեղդվի քաղաքականապես»: