Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհերով մրցելն ուղղակի խայտառակություն կլինի. Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան»-ի պատգամավորին խնդրեց ներողություն խնդրել․ Տեսանյութ

«Պատերազմը ոչ ոքի կողքով չի անցել, ոչ ոք անմասն չի մնացել այդ մասշտաբի պատերազմից»,- այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթին:  

Նա ընդգծեց՝ զոհերով մրցելն ուղղակի խայտառակություն կլինի:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել, Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է, Մաթևոս Ասատրյանի եղբոր որդին է զոհվել. «Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ էին նրանք զգում ձեր ելույթի ժամանակ: Խնդրում եմ հետո մոտենալ նրանց և ներողություն խնդրել»:

Նա ընդգծեց, որ եթե կա մի բան, որ իրենք չեն կարող բաժանել, նահատակներն են. «Հավերժ փառք Գեղամ Նազարյանի որդուն, Վաղարշակ Հակոբյանի զարմիկին, Մաթևոս Ասատրյանի եղբոր որդուն, հավերժ փառք մյուս բոլոր ներկաների բարեկամներին և ընկերներին, որոնք ընկել են, և խոնարհումս պարոն Ասլանյանին, որը վիրավորվել է հանուն հայրենիքի, խոնարհումս պարոն Օհանյանին, որը առաջին պատերազմում վիրավորվել է: Եկեք էսպիսի բաներ չանենք»: