Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հակված չենք երկիրը տանել կոլապսի. Մեզ համար գերադասելի է ոչ թե Իշխան Սաղաթելյանը, այլ ՀՀ շահը. Նազելի Բաղդասարյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք ունեն պատրաստակամություն ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և կառուցողական աշխատանքի:

«Մենք ներսում թշնամիներ չունենք, թշնամին սահմանում է և սահմանից անդին: Քաղաքական թիվ մեկ ամբիոնում մենք պետք է լինենք միակամ՝ հանուն պետության շահի»,- հայտարարեց նա և հավելեց, որ իրեն ցավ է պատճառում պատերազմում պարտության շահարկումը և ասելը, թե հողեր են հանձնվել:

Նա ընդգծեց, որ Հայաստանի պաշտոնյան պարտավոր է լինել հայամետ և ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ:

«Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի և սահմանադրական ճգնաժամ առաջացնել: Մեզ համար գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը կամ ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար գերադասելի է ՀՀ շահը»,- նշեց նա և հավելեց, որ քվեարկության դիրքորոշման մասին թեկնածուի խոսքից հետո վարման կարգով կտեղեկացնեն: