Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողոցային պայքարը ձախողած ընդդիմությունը փորձում է «տոնուսի» մեջ մնալ՝ հիշեցնել հանրությանը, որ ինքը կա, պարապ չի նստել և «Հայաքվեի» թեմա է «բզբզում»

Փողոցային պայքարը ձախողած ընդդիմությունը փորձում է «տոնուսի» մեջ մնալ՝ հիշեցնել հանրությանը, որ ինքը կա, պարապ չի նստել և «Հայաքվեի» թեմա է  «բզբզում»
Քաղաքականություն
17:23, 20 ноябрь 2023
Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քաղաքական աշունը եզրափակել ռազմահայրենասիրական ակորդով՝ շրջանառության մեջ դնելով «Հայաքվե» կոչվող քաղաքացիական նախաձեռնության մասին հայտարարության նախագիծ և այս թեմայով հրավիրելով ԱԺ լսումներ, որոնք,  ինչպես հայտնել ենք, տեղի կունենան նոյեմբերի 24-ին։ Խորհրդարանական լսումներն այն ֆորմատն է, որը հնարավորություն է տալիս փողոցային պայքարը ձախողած ընդդիմությանը «տոնուսի» մեջ մնալ՝ հիշեցնել հանրությանը, որ ինքը կա, պարապ չի նստել և թեմա է գտել ու «բզբզում է»։   

ԱԺ կայքում զետեղված՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին կից ներկայացված է հիմնավորում, որտեղ դրա հեղինակները փորձել են  մեկմեկու կապել միմյանցով չպայմանավորված իրողություններ՝ ծիծաղելիության աստիճանի ուռճացնելով  վերոհիշյալ նախաձեռնության նախագծի կշիռն ու նշանակությունը։  

Պատմական էքսկուրս սկսելով  1988-ից՝ Արցախյան շաժումից, հասնելով մինչև 1992 թ. ՀՀ Գերագույն խորհրդի որոշում, որով սահմանվում է, թե «ՀՀ-ի համար անընդունելի է ներպետական և միջազգային ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,  այնուհետ հղում անելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, խորհրդարանական երեք ֆրակցիաների նախընտրական ծրագրերի՝ Արցախին վերաբերող ձևակերպումներին՝ «Հայաստան» խմբակցությունը մասնավորապես նշում է.

«Ներկայումս, երբ Արցախի Հանրապետությունը հայազրկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նրա դեմ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի, 9-ամյսա շրջափակման, 2023 թ. սեպտեմբերի 19-ին սկսված լայնածավալ ռազմական ներխուժման, Արցախի ժողովրդի  ցեղասպանությունն ու էթնիկ զտումները ավարտին հասցնելու նպատակով իրականացված   բռնագաղթի հետևանքով, կրկին կարևորվում են ՀՀ կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցությունը և հետևողական ջանքերը՝ օկուպացիայի պայմաններում վերականգնելու նրա սուբյեկտայնությունը և վերադարձնելու նրա իշխանություններին բանակցային գործընթաց։ Այս համատեքստում կարևոր նշանակություն է ստանում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը։ ...Այն հավելյալ կռվան է հանդիսանում՝ հակազդելու Ադրբեջանի կողմից որդեգրված ցեղասպան վարքագծին, ինչպես նաև դիմագրավելու ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Հայոց պետականությանը ներկայացված սպառնալիքները՝ դրանց հակադրելով ՀՀ ժողովրդի հավաքական կամքը և ժողովրդավարական գործելաոճը»։  

Չգիտեինք, որ «Հայաստան» խմբակցությունում ծվարել են քաղաքական ռոմանտիկներ, ավելի ճիշտ՝ ինֆանտիլներ, որոնք թրծված լինելով քաղաքական վայրիվերումներում՝ փաստորեն, վարդագույն ակնոցներով են նայում հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվ միամտորեն հավատում են, որ եթե մեր խորհրդարանը մի զիլ օրենքի նախագիծ ընդունի ու ՀՀ իշխանությանը  «տուպիկը» մտցնի՝ զրկելով դիվանագիտական ճկունություն բանեցնելու գործիքակազմից,  ապա հարևան երկրները կազդվեն այդ օրենքից և իրենց խելոք ու զուսպ կպահեն։ Մասնավորապես Ադրբեջանն էլ, փաստորեն, տեղեկանալով, որ ՀՀ ԱԺ-ն նման նախագիծ է ընդունել՝ քրեականացրել է Արցախը այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը,  զարզանդելու է ու ձեռքերը վեր  պարզած  հանձնվելու է՝ դուրս է գալու Ստեփանակերտից, Արցախի պետականությունը խորհրդանշող հիմնարկների վրայից հանելու է  ադրբեջանական դրոշներն ու վազելով գնալու, նստելու է  բանակցային սեղանի շուրջ՝ վայրկյան առաջ խոսելու վերականգնված սուբյեկտայնությամբ Արցախի հետ։ Ավելին,  զգուշանալով  ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված այս  ահազդու  նախագծից՝  չի հարձակվելու ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ վախենալով հայ ժողովրդի «հավաքական կամքից» (որը, փաստորեն, «Հայաքվե»-ին միացած 58 հազար հոգին է) և «ժողովրդավարական գործելաոճից»։  

Սա ինչ է, եթե ոչ նայիվություն,  Արցախի թեմատիկան շահարկելու  հերթական պարապ զբաղմունք։ Խնդիրն այն է, որ անցած 30 տարիների ընթացքում թե Արցախի վրա, թե ՀՀ-ի վրա հարձակվելիս Ադրբեջանին հետ չեն պահել ոչ ՀՀ  անկախության հռչակագիրը և դրանում առկա  արձանագրումները, ոչ ԳԽ վերոհիշյալ որոշումը, ոչ ՄԱԿ-ի՝  ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ  զինված հարձակման, ագրեսիայի մասին հոդվածները և ոչ էլ  ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն՝ ՄԱԿ-ի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ սպառնալիքից:

Հեղինե Մանուկյան