Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն է Բաքվի անհանգիստ շարժումների ու գանգատի ճիչերի պատճառը. Արևմտյան միջնորդներից խուսափող Ալիևը անպատժելիության կորո՞ւստ է զգացել

Ի՞նչն է Բաքվի անհանգիստ շարժումների ու գանգատի ճիչերի պատճառը. Արևմտյան միջնորդներից խուսափող Ալիևը անպատժելիության կորո՞ւստ է զգացել
Քաղաքականություն
18:00, 21 ноябрь 2023
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր շեշտադրումներ են նկատվում, եւ չափազանց խուլ պետք է լինել Բաքվից վերջին շաբաթներին հնչող գանգատի աղեկտուր ճիչերը չլսելու համար։ Այդ ճիչերը ինքնաարդարացման փորձ լինելուց զատ նաեւ նպատակ ունեն չեզոքացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջնորդական ջանքերը։ Եթե մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան միջնորդական ջանքերն ուղղված էին ԼՂ հարց+ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում «թիրախներին», ապա այժմ այդ ջանքերը հանգամանքների բերումով վերաուղղորդվել են մեկ «թիրախի»՝  ՀՀ-Ադրբեջան հարաբերություններ։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Աստանայում տեղի ունեցած  Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովի ժամանակ Բաքվի բռնակալը ցուցմունք էր տվել ինքն իր դեմ՝ հայտարարելով, որ սեպտեմբերի 19-20-ին «հակաահաբեկչական» միջոցառում է իրականացրել եւ 23 ժամվա ընթացքում ամբողջությամբ  վերականգնել է իր ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը եւ, ուշադրություն, «գործել է միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան»։

Ակնհայտ է, որ Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հանգուցային եւ միաժամանակ դժվար հանգուցալուծելի կետերից մեկն էր, որը, ըստ արեւմտյան բանաձեւի, պետք է լուծվեր Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության միջոցով։ Սակայն Ադրբեջանին հաջողվեց  տարբեր պատճառաբանություններ վկայաբերելով (սկզբնական շրջանում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ–ի կողմից գործուղված  լինելու հանգամանքը շեշտելը, ապա՝ Լաչինի միջանցքով Արցախ ականներ տեղափոխելը եւ այլն)  տորպեդահարել Ստեփանակերտի հետ երկխոսելու գործընթացը, այսինքն՝ արեւմտյան առաջարկը։ Հասկանալի էր,  որ «Կարաբախ, բիզմիմդիր» հավատամքի հետեւորդ, Արցախն ամբողջությամբ կլանելու նպատակ հետապնդող Ալիեւը բանակցելով արցախյան իշխանության հետ, այսպիսով ընդունում էր Լեռանային Ղարաբաղի սուբյեկտայնությունը՝ ԼՂ-ն իր «աշխարհագրական օբյեկտ» դիտարկելու փոխարեն  դիտարկելով որպես լիիրավ  քաղաքական սուբյեկտ։ Սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Ալիեւին թույլ տվեց իր օգտին հանգուցլուծել արցախյան ճգնաժամը ՝փաստացի վիժեցնելով արեւմտյան առաջարկը, իսկ դա հնարավոր դարձավ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող միջնորդական սուբյեկտի՝ ՌԴ-ի թողտվությամբ։ Լեռնային Ղարաբաղը  «Ադրբեջանի Հանրապետության  Ղարաբաղի տնտեսական շրջան»-ի վերածելուց, այսինքն,  «ԼՂ խնդիր» կոչվող գլխացավից  ռուսական «դեղատոմսով» ազատվելուց հետո, ահա, Ալիեւին այլ բան չի մնում, քան բուժված գլուխն առնելն  ու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելը։

Այսինքն՝ ուշիմ աշակետի պես լսելն ու  կատարելը  բոլոր այն առաջադրանքները, որոնք միջնորդական մյուս դերակատարներն են ակնկալում՝ Բրյուսելը, Փարիզը, ԱՄՆ-ն։ Այն է՝ հայտնել իր աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և ընդունել  Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, խստորեն պահպանել  ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, տարածաշրջանային կապերի բացմում իրականացնելիս ելակետ ընդունել  երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգումը, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքը, մի խոսքով, պայմանավորվածությունների այն ամբողջ համալիրը, որոնք ձեռք են բերվել նախքան Գրանադայի քառակողմ հանդիպումը։  

Հենց այս գիտակցումն է, որ Բաքվին ստիպում է  անհանգիստ շարժումներ անել՝ գիտակցելով, որ կարգավորման «համապարփակ փաթեթից» Արցախի հարցը  ինքնագլուխ (ՌԴ միջնորդությամբ) հանելով իրեն զրկել է բանակցային սեղանի շուրջ մանեւրելու, Արցախի հարցին հղում անելով խաղաղության գործընթացը  ձգձգելու  խաղաթղթից։  Եւ հիմա, փաստորեն, իր ինքնիշխանությունը  23 ժամում «ամբողջապես վերականգնած» Ալիեւը պետք է մերկ ձեռքերով ու դատարկ գրպաններով մտնի մի գործընթացի մեջ, որի վերահսկողությունն իրականացվելու է միջնորդ դերակատարների կողմից։ 

Այդ նպատակով էլ Բաքուն այժմ կիրառում է նոր հնարք՝ հրաժարվում է արեւմտյան հարթակներում բանակցությունների մասնակցելուց՝ իր այդ քայլը զուգորդելով միջնորդ երկրների անաչառությունն ու անկողմնակալությունը կասկածի տակ դնելով, «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար» մեղադրելով, այսօր էլ՝ Միլլի մեջլիսի կողմից ԱՄՆ Սենատի ընդունած «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենքը» խիստ դատաարտող հայտարարություն ընդունելով՝ ՀՀ-ին առաջարկելով հարցերի լուծել ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող «ուժեղ տղաների» միջնորդությամբ, այլ «տետ ա տետ» ֆորմատով։ Նկատենք, որ Բաքվի այս մանյովրը հավանության է արժանանում վերջինիս մեծ եղբոր՝ Թուրքիայի կողմից, որի նախագահը կոչ է արել Հայաստանին ընդունել ադրբեջանցիների կողմից «մեկնած խաղաղության ձեռքը»։ «Ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարները անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ»,-մասնավորապես հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ շեշտելով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում նոր ստատուս քվո է հաստատվել։ Նշենք, որ ժամերի տարբերությամբ հարեւնման  մի հայտարություն էլ հնչել է Ադրբեջանից։ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը ժամեր առաջ հայտարարել է՝ «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»։  «Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից դուրս, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, իսկ մենք ասում ենք, որ երրորդ կողմի օրակարգ մտցնելու փոխարեն պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»։ 

Նշենք, որ այսօր Երեւանը  ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը»։  Գնդակը, փաստորեն, այժմ Ադրբեջանի դաշտում է։ 

Հայտնի է նաև, որ այսօր Ադրբեջանն առանց միջնորդների հանդիպում է առաջարկել Հայաստանին՝ հայտարարելով․ «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար։ ․․․Փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը պատկանում է 2 երկրներին»։ 

Հեղինե Մանուկյան