Ինչ նպատակով է «Մայր Հայաստան»-ը վերցրել մայրաքաղաքի կառավարման մանդատը՝ երևանցիների խնդիրները լուծելու փոխարեն ավագանու նիստերի ժամանակ էժանագին օճառային օպերաներ բեմադրելո՞ւ

Քաղաքականություն
Պատահականությո՞ւն է արդյոք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարող, սատարող և վերջինիս կողմից աջակցվող քաղաքական խմբակներն ու անհատ գործիչները աչքի են ընկնում ագրեսիվ, խուլիգանական վարքագծով ու վուլգար, ատելությամբ լի խոսքով։
Եթե մինչ այս Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ գործող ԱԺ «Հայաստան» խմբակցությունն էր փայլում նմանատիպ վարքագծով՝ սկանդալներ ու լարված իրավիճակ հրահրելով ԱԺ նիստերի դահլիճում, ապա հերթը հիմա դրա «ֆիլիալ» Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն է։ Եթե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր ժամանակին ջրի շիշ նետում ԱԺ ամբիոնում ելույթ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա, ապա այսօր ջուր շփելու հերթը «կոյուղաջրերի թագուհի» մականունը ստացած Սոննա Աղեկյանինն էր, թիրախը՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Ձայնակցելով «Հայաստան» խմբակցության իգական սեռի ներկայացուցիչների «պոետիկ զեղումներին», որոնց հանրության ականջներն արդեն վարժվել են անցած երկուսուկես տարիների ընթացքում, այսօր իր զեղումներով կիսվեց մայրհայաստանական, մոլի քոչարյանական Նարինե Հայրապետյանը՝ հայտնի Նարե Սոսե կեղծանունով։ Նրա ելույթի արձագանքներն էլ, ի վերջո, պատճառ դարձան, որ խափանվի ավագանու նիստի բնականոն ընթացքը՝ վերածվելով ավագանու որոշ անդամների միջև հարաբերություններ պարզելու, ֆիզիկական հաշվեհարդարի գործընթացի։ Նորընտիր ավագանու նիստերին առաջին անգամ մասնակցած սույն խմբակցությունը, ինչպես հայտնի է, օրերս լքեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Անդրանիկ Թևանյանը։
Ավագանու անդամի իրենց մանդատներից հրաժարվել են նաև Դուստրիկ Մխիթարյանը, Ադրինե Ավագյանը, Թաթուլ Պետրոսյանը։
Նկատենք՝ սա ավագանու միակ խմբակցությունն է, որի կանոնադրությունը մինչև այժմ չի հրապարակվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ակտ, որից պարզ կդառա, թե ինչ նպատակներ ունի և խնդիրներ լուծելու համար է սույն քաղաքական խմբակը վերցրել մայրաքաղաքի կառավարման՝ իրեն բաժին հասած մանդատը։ Գուցե ավագանու աշխատանքները տապալելո՞ւ, երևանցիների խնդիրները լուծելու փոխարեն ավագանու նիստերի ժամանակ էժանագին օճառային օպերաներ բեմադրելո՞ւ՝ այսպիսով վրեժ լուծելով իր ամբիցիաները բավարարելու համար։ Սա այն դաշինքն է, որը, հիշեցնենք, պայքարի մեջ էր մտել Երևանի կառավարումը միանձնյա ստանձնելու և այսպիսով ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության անելու համոզմունքով։ Չհասնելով իր փափագին՝ Անդրանիկ Թևանյանը դարձավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո ՀՀ Կառավարության շենքի դիմաց հավաքված գազազած ամբոխի առաջնորդը, սակայն այդ առաջնորդությունն էլ բարեհաջող տապալեց՝ նրանից ի՞նչ առաջնորդ, այն էլ՝ իշխանափոխություն անող։ Ժամանակ անց Թևանյանը հայտնվեց ռուսական պետական ալիքի եթերում ու ստանձնեց Հայաստանի ղեկավարի վրա կեղտ լցնելու, նրան ի լուր աշխարհի պախարակելու անպատիվ առաքելությունը, ապաև՝ որոշեց լքել խմբակցությունն ու այն թողնել հազար կուսակցություն փոխած, հազար տիրոջ ծառայած մեկ այլ անդամի։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «Հայաստան» և «մայր» բառերը շահարկելով խմբակներ ձևավորող, դրանցում ծպտվող ու դրսից թելադրվող հայրենասերների մասին։
Հ․Մ․