Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը թույլ չի տա Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտրային երթուղի ստեղծել ոչ խաղաղ ճանապարհով. Պետդեպ

ԱՄՆ-ը թույլ չի տա Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտրային երթուղի ստեղծել ոչ խաղաղ ճանապարհով. Պետդեպ
Քաղաքականություն
11:09, 28 ноябрь 2023
Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության պայմանագրի առավելություններից մեկը կարող է լինել Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա առևտրային ուղիների ստեղծումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Այժմ, ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար իրական հնարավորություն՝ հաստատելու խաղաղություն: Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերն էլ երկխոսություն են վարում՝ ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով: Եվ դրա շնորհիվ մենք իրական հնարավորություն ենք տեսնում ամբողջ տարածաշրջանի համար՝ օգուտ շահելու»,- ասել է նա։  

Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայից առևտրային ուղին կարող է անցնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, ինչը «կդառնա զգալի խթան տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

«Եվ մենք ուրախ կլինենք դառնալու դրա մի մասը: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակ առևտրային երթուղու ստեղծումից»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Օ'Բրայենը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը «շատ հստակ ներկայացրել է կողմերին» իր տեսլականը և «այլ կերպ առաջ շարժվելու» հետևանքները: Միացյալ Նահանգները անհամբեր կսպասի, թե «ինչի կհանգեն կողմերը»։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում։