Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ. Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերին կայցելի Բաքու

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ. Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերին կայցելի Բաքու
Քաղաքականություն
13:19, 28 ноябрь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել է դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցելությանը Բաքու։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ Ալիևը համաձայնել է այս առաջարկին, բայց պայմանով, որ Վաշինգտոնը չեղարկի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելությունների «անհիմն» արգելքը։ Բլինքենն ընդունել է առաջարկը, ասվում է հաղորդագրության մեջ։  

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով, թե իբր «դրանք չեն արտացոլում իրականությունը»։

Բլինքենի հետ զրույցում Ալիևը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկները հայկական կողմից ստացվել են միայն նոյեմբերի 21-ին։