Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն առաջարկում է 2169 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ իրականացնել

ՊՆ-ն առաջարկում է 2169 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ իրականացնել
Քաղաքականություն
12:07, 11 август 2021
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նոր վարժական հավաքներ իրականացնել՝ ներգրավելով ընդհանուր մինչև 2 169 քաղաքացու, որոնցից 1 164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Այս հավաքներն իրականացնելու համար, ըստ նախագծի, պետք է հատկացվի ավելի քան 3 մլրդ դրամ: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Որոշման նախագծի համաձայն՝ վարժանքները իրականացվելու են 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է նախագծում։

Մինչ այս, գերատեսչությունը հանրային քննարկման էր ներկայացրել պահեստազորի վարժական հավաքներին վերաբերող մեկ այլ նախագիծ՝ առաջարկելով իրականացնել 869 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական, իսկ 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: Բացի այդ, նախորդ շաբաթ ՊՆ-ն առաջարկել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում: