Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նրանց արածը քաղաքական էր, նպատակը՝ Հայաստանի վրա ճնշում բերելը, բայց ապտակ ստացան համապատասխան դատարանից․ Հայկ Սուքիասյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ նախկին 3 դատավորների և նախկին նախագահի գանգատները անընդունելի ճանաչելու մասին

Նրանց արածը քաղաքական էր, նպատակը՝ Հայաստանի վրա ճնշում բերելը, բայց ապտակ ստացան համապատասխան դատարանից․ Հայկ Սուքիասյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ նախկին 3 դատավորների և նախկին նախագահի գանգատները անընդունելի  ճանաչելու մասին
Քաղաքականություն
19:35, 08 декабрь 2023
Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի:
 
Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․ Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք) և 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ 
 
Մասնավորապես դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։

 Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:
 
Այս առնչությամբ Civic.am-ը  մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանից: Նա նշեց, որ դա նախ նշանակում է, որ նրանք նորմալ իրավաբաններ չեն, նորմալ սահմանադրական իրավունքի մասնագետներ չեն, եթե նորմալ լինեին, գիտելիք ունենային, իրենց չէին մերժի, սա իրենց գիտելիքների մասով։
 
«Բայց պարզ է, որ նրանց արածը քաղաքական է, նրանց նպատակը Հայաստանի վրա ճնշում բերելն է, Հայաստանի իմիջը վնասելն է, որովհետև ամեն դեպքում պետությունը դեմոկրատական պետության իմիջ ունի կամ այդպիսի ձգտում ունի ունենալու, իրենց նպատակը դա է եղել, իրենք ապտակ ստացան համապատասխան դատարանից։ Նախ պարզվեց, որ որպես դատավորներ գիտելիք չունեն, բայց նաև Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ավելի բարձրացրեց իր դեմոկրատական իմիջը այն իմաստով, որ ապացուցեց, որ ՀՀ-ն դեմոկրատիայի իմաստով ավելի առաջադեմ է, քան իրենք պատկերացնում են»,- ասաց քաղաքագետը։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ դադարեցվել էին նաև այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի արդեն պաշտոնավարել էին, բացի այդ՝ դադարեցվել էին նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, և նա շարունակել էր պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր։
 
Լիլիթ Թադևոսյան