Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Իրանի նախագահը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Քաղաքականություն
15:30, 21 декабрь 2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անդրադարձել ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Ռաիսին նշել է, որ Իրանն աջակցում է Կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողությունների և հարթակների՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։ 

Ինչպես տեղեկացնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը, Ռաիսին ասել է, որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես կարևոր տարածաշրջան, որը խաղաղության կարիք ունի: 

Նրա խոսքով՝ Իրանի քաղաքական գիծը տարածաշրջանի նկատմամբ չի փոխվել, և պետք է հոգ տանել, որպեսզի Կովկասյան տարածաշրջանը չդառնա արտատարածաշրջանային երկրների բախումների և միջամտության ասպարեզ, իսկ հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։

Իրանի նախագահը ընդգծել է վերջերս Թեհրանում կայացած «3+3» հանդիպման բարեհաջող անցկացումը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և կարգավորման կառուցողական քայլ։